Եվրոպական քաղաքականության երեսն ու դիմակը

Եվրոպական քաղաքական հարթակներում որոշ առաջնորդների և պետությունների նկատմամբ վերաբերմունքը հաճախ բացահայտում է զարմանալի հակադրություն։ Մի կողմից՝ որոշ ղեկավարներ, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, Մայա Սանդուն և Սալոմե Զուաբիշվիլին, հաճախ ներկայացվում են որպես եվրոպական արժեքների կրողներ, ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշներ, որոնք արժանի են համակրանքի և քաղաքական աջակցության։ Նրանց ելույթները, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում, հաճախ բուռն ծափերի են արժանանում։

Մյուս կողմից՝ այլ երկրներ կամ կառավարություններ ենթարկվում են խիստ քննադատության կամ նույնիսկ քաղաքական ճնշումների։ Այս հակադրությունը հատկապես զգացվում է Վրաստանի դեպքում, որտեղ վերը նշված ցանկում ներկայացված են երկու նախկին ղեկավար։ Եվրոպական քաղաքական շրջանակներում պարբերաբար դժգոհություն է հնչում այն փաստի շուրջ, որ Վրաստանը փորձում է զարգացնել հարաբերությունները ոչ միայն եվրոպական կառույցների հետ, այլև խորացնել տնտեսական և քաղաքական կապերն այլ երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը և Չինաստանը։

Այս երևույթի ակնհայտ պատճառն այն է, որ եվրոպական քաղաքականությունը հաճախ կառուցված է աշխարհաքաղաքական նեղ շրջանակների շուրջ։ Երբ որևէ երկիր (ավելի ճիշտ՝ նրա ղեկավարը կամ իշխող ուժը) վարում է քաղաքականություն, որը համընկնում է եվրոպական նեղ աշխարհաքաղաքական առաջնահերթությունների հետ, նրա նկատմամբ վերաբերմունքը սովորաբար լինում է առավել բարենպաստ։ Իսկ երբ որևէ պետության իշխանություն փորձում է վարել ավելի բազմավեկտոր կամ դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն, հաճախ առաջանում են քաղաքական լարվածություններ։

Այս մոտեցումը, որը հաճախ դիտարկվում է որպես «ընտրովի արժեքայնություն», բնորոշ է խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններին, բայց Եվրոպայի դեպքում այն անցնում է բոլոր սահմանները։ Դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականությունը փոքր և միջին պետությունների համար հաճախ դիտարկվում է որպես գոյատևման ռազմավարություն։ Երբ պետությունը գտնվում է տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունների խաչմերուկում, նրա համար բնական է փորձել կառուցել հարաբերություններ միաժամանակ մի քանի ուղղություններով։ Այսպիսի մոտեցումը թույլ է տալիս նվազեցնել արտաքին կախվածությունները և ապահովել ավելի լայն տնտեսական ու քաղաքական հնարավորություններ։ Սակայն դա Եվրոպայի համար անընդունելի է։

Պատահական չէ, որ եվրոպական կառույցները հաճախ ավելի բարյացակամ վերաբերմունք են ցուցաբերում այն կառավարությունների նկատմամբ, որոնք պատրաստ են անվերապահորեն աջակցել եվրոպական աշխարհաքաղաքական օրակարգին, նույնիսկ եթե այդ գործընթացում առաջանում են ներքին քաղաքական կամ սոցիալական խնդիրներ, կամ սեփական երկիրը տուժում է և դառնում է պատերազմի թատերաբեմ։ Ուկրաինան՝ ամենավառ օրինակը…

Այս ֆոնի վրա էլ առաջանում է ևս մեկ կարևոր հարց՝ ի՞նչ չափով են եվրոպական կառույցները հետևողական իրենց արժեքային քաղաքականության մեջ։ Եվրոպան մշտապես ընդգծում է, որ մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն իր օրակարգի հիմքում են։ Սակայն քննադատները նշում են, որ այն կառավարությունները, որոնք համարվում են եվրոպական քաղաքականության գործընկերներ, քարտ բլանշ են ստանում Եվրոպայի կողմից իրենց ուզածով վարվելու համար։ Նրանք կարող են հակաժողովրդավարական քայլեր ձեռնարկել ու խախտել մարդու իրավունքները՝ բանտերը լցնելով ընդդիմադիրներին, իսկ եվրոպական կառույցներն աչք կփակեն տեղի ունեցողի առաջ։ Այսպիսով, մարդու իրավունքների և ժողովրդավարության թեմաները շատ դեպքերում օգտագործվում են որպես քաղաքական գործիք՝ միջազգային հարաբերություններում ազդեցություն գործադրելու համար։