Իշխանական աղբյուրների տեղեկացմամբ՝ իշխանությունների ներսում ակտիվ քննարկվում է առողջապահության և սոցիալական ոլորտների կառավարման նոր մոդելի ներդրումը։ Այս նախաձեռնության համաձայն՝ նախատեսվում է միավորել Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունները՝ ստեղծելով միասնական գերատեսչություն։
Այս նախագծի հիմնական շահառուներից մեկը համարվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ աղբյուրների՝ նա ակտիվ ջանքեր է գործադրում, որպեսզի ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարությունում զբաղեցնի միավորված գերատեսչության ղեկավարի պաշտոնը։
Քննարկվող նախագծի վրա աշխատանքները, ինչպես նշվում է, արդեն բավական առաջ են գնացել։ Նախագծի հեղինակները պնդում են, որ սոցիալական քաղաքականությունը և առողջապահությունը պետք է կառավարվեն մեկ կենտրոնից՝ համակարգը «ամբողջությամբ վերափոխելու» նպատակով։
Սակայն կառավարության ներսում այս գաղափարը միանշանակ ընդունված չէ։ Իշխանական շրջանակներում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։ Որոշ պաշտոնյաներ այդ գործընթացը բնութագրում են որպես նախարարի հերթական փորձ՝ վերահսկելու առավել մեծ ոլորտ։
Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կհեռանա պաշտոնից և նրան կառաջարկվի այլ պաշտոն։ Նրա տեղակալ Լենա Նանուշյանը, որը համարվում է Թորոսյանի մտերիմ, կմնա համակարգում։
Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը 2018-2021 թվականներին զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը՝ հենց այն ժամանակահատվածում, երբ Հայաստանը բախվեց COVID-19 համավարակին։ Այդ ժամանակահատվածում նրա գործունեությունը հաճախ ենթարկվում էր հանրային քննադատության, և քաղաքական ընդդիմախոսները նրան անգամ «մահվան նախարար» էին անվանում։
Բացի այդ, կորոնավիրուսի ժամանակաշրջանի որոշ պետական գնումների և որոշումների վերաբերյալ հարուցված քրեական գործերի մի մասը դեռևս քննվում է իրավապահ մարմիններում։ Տարբեր դրվագներով գործեր կան թե՛ դատարանում, թե՛ նախաքննության փուլում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում, որոնք առնչվում են Արսեն Թորոսյանին և իր ընկերներին։