Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում՝ համապատասխանեցնելով այն Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության իրավական հիմքերին։
Այս քայլը հիմնված է 2021 թվականի մայիսի 10-ին Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորության հետադարձ ճանաչման վրա, որը նախորորդում էր «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» օրենքի ընդունմանը։ Այս հայտարարությամբ Հայաստանը ճանաչում է Միջազգային քրեական դատարանի իրավասությունը՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների հարցերով։
Նախագծի համաձայն՝ անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում ստեղծել համապարփակ կարգավորումներ, որոնք կվերաբերեն Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության հիմնական սկզբունքներին, համագործակցության համար պատասխանատու լիազոր մարմնին և նրա գործառույթներին, ինչպես նաև իրավական օժանդակության ձևերին։
Այս նախաձեռնությունը դառնում է ակտուալ, քանի որ 2024 թվականի դեկտեմբերի 12-ին ուժի մեջ է մտել նոր «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքը, որը հիմք է ստեղծում այս համագործակցության կարգավորման համար։
Նախագծի համաձայն՝ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում կավելացվեն նոր դրույթներ, որոնք կներառեն հիմնական հասկացությունների սահմանումներ (օրինակ՝ «նախնական կալանավորում», «իրավիճակի ներկայացում»), կսահմանեն համագործակցության համար լիազորված մարմինը և կկարգավորեն համագործակցության ձևերի և իրականացման կարգի առանձնահատկությունները։
Այս փոփոխությունները կդիտարկվեն նաև «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում, որտեղ կներկայացվի Միջազգային քրեական դատարանի հետ համագործակցության համատեքստում լիազորված մարմինը։ Բացի այդ, փոփոխություններ են նախատեսվում կատարել «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում՝ ապահովելով «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքի կողմից նախատեսված հարաբերությունների կարգավորումը։
Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի պետական բյուջեի ծախսերի ավելացման, սակայն դրանց չափը գնահատել հնարավոր չէ առկա տվյալների բացակայության պատճառով։