Հայաստանի ընտրողի մտածողությունը. Ինստիտուցիոնալ ընտրություն, ոչ թե միայն քաղաքական

Հայաստանում ընտրություններին ընդառաջ ընտրողի վարքագիծը հասկանալ հնարավոր չէ միայն քաղաքական ծրագրերի կամ նախընտրական խոստումների միջոցով։ Հայաստանի ընտրողը ձևավորվել է պատմության, պատերազմների, սոցիալական փորձի և ազգային հիշողության երկար շղթայի մեջ։ Այդ պատճառով նրա ընտրությունը հաճախ դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական, արժեքային և նույնիսկ էութաբանական որոշում։

Հաճախ ընտրությունները ներկայացվում են որպես քաղաքական ուժերի միջև հերթական պայքար։ Սակայն իրականում խորհրդարանական ընտրությունները շատ ավելի խոր նշանակություն ունեն։ Դրանք պարզապես իշխանություն ձևավորելու գործընթաց չեն։ Ընտրությունները այն հիմնական մեխանիզմն են, որի միջոցով հասարակությունը որոշում է, թե ինչպիսի պետություն և ինչպիսի տնտեսական համակարգ է ցանկանում կառուցել։

Տնտեսագիտության մեջ վաղուց ընդունված է, որ երկրների միջև հարստության և աղքատության տարբերությունները պայմանավորված են ոչ միայն բնական ռեսուրսներով կամ աշխատուժի քանակով։ Շատ ավելի կարևոր դեր ունեն ինստիտուտները՝ այն կանոններն ու մեխանիզմները, որոնց հիման վրա կազմակերպվում է հասարակական կյանքը։ Այդ կանոնները որոշում են, թե ինչպես են պաշտպանվում սեփականության իրավունքները, ինչպես են բաշխվում տնտեսական հնարավորությունները, և որքան ազատ են մարդիկ ներդրումներ կատարելու, ստեղծելու և զարգանալու համար։ Այս տեսանկյունից խորհրդարանական ընտրությունները դառնում են այն հիմնական գործիքը, որով ձևավորվում են քաղաքական ինստիտուտները, իսկ քաղաքական ինստիտուտները իրենց հերթին ձևավորում են տնտեսական ինստիտուտները։

Վերջին տարիների իրադարձությունները, հատկապես Արցախի հարցը և այն պատմական շրջադարձը, որը կապված է Արցախի կորստի հետ, խոր ազդեցություն են թողել հասարակական մտածողության վրա։ Հայաստանի հասարակության մի հատվածի համար այս իրադարձությունը դարձել է ազգային արժանապատվության և պատմական արդարության հարց։ Այդ մարդկանց մտածողության մեջ ընտրությունը հաճախ ընկալվում է որպես պատասխանատվության կամ հաշվետվության պահանջ։ Նրանք փորձում են իրենց ձայնով արձագանքել այն հարցին, թե ինչ տեղի ունեցավ, և ով է պատասխանատու ազգային անվտանգության համար։ Այս մտածողությունը հիմնված է պատմական հիշողության վրա, որտեղ պետության գոյությունն ու անվտանգության հարցը գերակա արժեքներ են։

Միևնույն ժամանակ, հասարակության մեջ կա նաև մեկ այլ ազդեցիկ տրամադրություն՝ խաղաղության և կայուն կյանքի ձգտումը։ Պատերազմների և երկարատև լարվածության պայմաններում մարդիկ հոգնում են մշտական անորոշությունից և ցանկանում են տեսնել կանխատեսելի ապագա։ Այդ ընտրողների համար առաջնային է ոչ թե անցյալի գնահատումը, այլ ապագայի անվտանգությունը, կայուն սահմանները և տնտեսական զարգացումը։ Նրանց համար կարևոր է այն հարցը, թե որ քաղաքական ուժը կարող է ապահովել կայունություն և նվազեցնել նոր բախումների վտանգը։

Սակայն Հայաստանի ընտրողի մտածողությունը չի սահմանափակվում միայն անվտանգության և խաղաղության երկընտրանքով։ Հասարակության տարբեր խմբերը ընտրությանը մոտենում են իրենց սոցիալական փորձից ելնելով։ Սոցիալական տարբեր շերտերի համար կարևոր են սոցիալական պաշտպանությունը, աշխատանքի և ապագայի հնարավորության ապահովումը։ Շատերի համար ընտրությունը հաճախ ավելի գաղափարական բնույթ է ստանում, քանի որ նրանց համար կարևոր են պետության մշակութային և կրթական ուղղությունները։ Սեփականատերերի և բիզնեսի ներկայացուցիչների համար առաջնային են տնտեսական կայունությունը, հարկային միջավայրը և սեփականության պաշտպանությունը։

Բայց կա նաև մի շերտ, որը սովորական քաղաքական վերլուծության մեջ հաճախ անտեսվում է։ Դա էութաբանական մտածողության շերտն է։ Այդ մտածողությունը կապված է ոչ միայն քաղաքական ծրագրերի կամ տնտեսական հաշվարկների հետ, այլ մարդու ներքին հարցի հետ՝ ի՞նչ է պետությունը, ի՞նչ է հայրենիքը, ի՞նչ է արդարությունը։ Երբ ընտրողը առաջնորդվում է այսպիսի մտածողությամբ, նրա ընտրությունը դառնում է արժեքային դիրքորոշում։ Այդ դեպքում մարդը ընտրում է ոչ միայն քաղաքական ուժ, այլ այն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինի իր երկրի գոյության իմաստը։ Հայրենասիրությունը, արդարության զգացումը և ազգային արժանապատվությունը դառնում են ոչ թե քաղաքական կարգախոսներ, այլ գոյության հիմքեր։

Այս ամենի մեջ կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը հաճախ անտեսվում է հասարակական քննարկումներում։ Քաղաքական տնտեսագիտության տեսության մեջ վաղուց հայտնի է մի օրինաչափություն. երբ որևէ իշխանություն կենտրոնացնում է քաղաքական ուժը իր ձեռքում, այն գրեթե միշտ ձգտում է ընդլայնել նաև իր տնտեսական ազդեցությունը։ Քաղաքական իշխանությունը փորձում է վերահսկել տնտեսական ռեսուրսները, որովհետև տնտեսական ռեսուրսների վերահսկողությունը ուժեղացնում է քաղաքական իշխանությունը։ Այդպես ձևավորվում է քաղաքական և տ