Հայաստանի ներքաղաքական իրականությունը՝ «ժողովրդավարության փարոս» կերպարի դիմաց

Հայաստանի իշխող քաղաքական դիսկուրսում հաճախ հնչում է այն պնդումը, թե մեր երկիրը տարածաշրջանում ներկայանում է որպես ժողովրդավարական զարգացման յուրատեսակ օրինակ կամ նույնիսկ «ժողովրդավարության փարոս»։ Այս ձևակերպումը ակտիվորեն օգտագործվում է արտաքին քաղաքական հաղորդակցության մեջ՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար Հայաստանի քաղաքական համակարգը՝ որպես ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման առաջատար օրինակ։

Սակայն ներքաղաքական զարգացումների նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս «պատկերն» ու իրականությունը գտնվում են էական հակասության մեջ։ Երբ դիտարկվում են պետական կառավարման գործելակերպը, քաղաքական մրցակցության պայմանները, խոսքի ազատության իրական վիճակը և հասարակական ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքը, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նշյալն ընդամենը քաղաքական իմիջի կառուցման գործիք է։

Ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների անցկացմամբ կամ ինստիտուցիոնալ ձևակերպումներով։ Այն առաջին հերթին ենթադրում է քաղաքական բազմակարծության հանդուրժում, իշխանության նկատմամբ քննադատության ազատություն, պետական կառույցների հաշվետվողականություն և հասարակական ինստիտուտների ինքնուրույնություն։ Երբ այս բաղադրիչներից որևէ մեկը խաթարվում է, ժողովրդավարական համակարգը սկսում է աստիճանաբար կորցնել իր իրական բովանդակությունը՝ պահպանելով միայն արտաքին ձևականությունը։

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին տարիներին ավելի հաճախ կարելի է հանդիպել այն երևույթին, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը դառնում է ավելի շատ հռչակագրային, քան իրական քաղաքական պրակտիկա։ Արդյունքում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում ձևավորվում է իրավիճակ, որտեղ իշխանության նկատմամբ քննադատությունը կամ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես բնական ժողովրդավարական գործընթաց, այլ որպես իշխանության համար սպառնալիք։ Այդ պայմաններում իրավապահ համակարգի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում դառնում է քաղաքական մրցակցության սահմանափակման գործիք։ Ըստ այդմ, քաղաքական հետապնդումների գործիքը դառնում է քաղաքական պայքարի մաս, քանի որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ կամ պարզապես իշխանության քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող անձինք իսկույն հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարական համակարգերի կայունությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են պետական ինստիտուտները կարողանում պահպանել իրենց անկախությունն ու չեզոքությունը քաղաքական պայքարի պայմաններում։ Եթե իրավապահ մարմինները կամ դատական համակարգը սկսում են ընկալվել որպես քաղաքական ազդեցության գործիք, ապա հանրային վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ աստիճանաբար նվազում է։ Սա իր հերթին ստեղծում է փակ շրջան. իշխանությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը վարչական մեխանիզմների միջոցով, իսկ հասարակության որոշ հատվածներ ավելի ու ավելի են հեռանում քաղաքական գործընթացներից՝ համարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չի ընթանում։

Հայաստանի քաղաքական համակարգում մեկ այլ կարևոր խնդիր վերաբերում է հոգևոր և մշակութային ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքին։ Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն սահմանում է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, և այս սկզբունքը կարևոր դեր ունի պետական և հոգևոր կառույցների հարաբերությունների կարգավորման մեջ։ Երբ քաղաքական իշխանությունը փորձում է ազդել ներեկեղեցական գործընթացների վրա, այն արդեն դառնում է պետության միջամտություն հոգևոր ոլորտին։ Հայաստանի պատմական և մշակութային իրականության մեջ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչ, և այդ պատճառով պետության և Եկեղեցու հարաբերությունների ցանկացած լարվածություն ներհասարակական ռեզոնանս է առաջ բերում։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն հարցը, թե ինչպես են քաղաքական գործընթացները անդրադառնում պատերազմի հետևանքով տուժած մարդկանց իրավունքների վրա։ Արցախից բռնագաղթի ենթարկման հետևանքով ծանր սոցիալական և քաղաքական խնդիրների առաջ կանգնած մարդկանց վիճակը շարունակում է մնալ Հայաստանի ամենազգայուն թեմաներից մեկը։ Սակայն այսօր ունենք այնպիսի պայմաններ, որ Արցախի հետ կապված ցանկացած պահանջ կամ հայտարարություն, որը վերաբերում է վերադարձի հնարավորությանը կամ իրավունքների վերականգնմանը, կարող է ներկայացվել որպես գործող քաղաքականությանը կամ «խաղաղության օրակարգին» հակասող։ Այս խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, քանի որ այն առնչվում է ազգային հիշողության, պատմական արդարության և ինքնության հարցերին։