Վերջին շաբաթներ շարունակ Նիկոլ Փաշինյանի կառավարության ներսում առկա անվստահության և անվտանգության ծավալների աճը դարձել է օր-օրի ավելի նկատելի։
Իմ հայտնի լինող տեղեկությունների համաձայն, վարչապետի տեղաշարժի համար այժմ ոչ միայն ապահովվում է ամբողջ ոստիկանական զորքը, ԱԱԾ ջոկատայինները և ուժեղացված թիկնազորը, այլև անգամ յուրայինների, կառավարության անդամների հետ հանդիպումների ժամանակ էլ իրականացվում են խիստ անվտանգային միջոցառումներ։
Օրինակ, կառավարության նիստերին մասնակցողների բջջային հեռախոսները հավաքվում և տեղադրվում են կառավարության շենքի շքամուտքում՝ հատուկ փակվող արկղերի մեջ, որոնց նմանությամբ արկղեր կան սուպերմարկետներում։ Այս պրակտիկան սկսվել է այն բանից հետո, երբ կառավարության անդամներին հանձնարարվել է ներկայանալ նիստերին առանց իրենց բջջային հեռախոսների։
Այս ամենի ետևում կանգնած է ոչ միայն վարչապետի, այլև կառավարության անդամների միմյանց նկատմամբ եղած անվստահությունը, որը, իմ տեղեկացմամբ, հասել է իր գագաթնակետին Հովիկ Աղազարյանի դեպքից հետո։