Նախօրեին՝ «ուրախավտոբուսային» քարոզչական այցի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ առաջիկայում կանցկացվի զորահանդեսանման մի բան։ Այս քայլը, սակայն, նա փաթեթավորել է այնպես, որ բազմապատկած արտաքին պարտքը ներկայացվի որպես բացառապես սպառազինություն ձեռք բերելու վրա ծախսված միջոցներ։
«Մտածում ենք, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Մենք ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, դա երևի մայիսին տեղի կունենա, որ ցույց տանք՝ ինչ ենք արել, ինչ ենք ձեռք բերել։ Ընդ որում, մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք և 2022 թվականից հետո ձեռք բերված սպառազինությունը»,- հայտարարել է վարչապետը։
Այս հայտարարությունը, թեև ակնհայտորեն նախընտրական բնույթ է կրում, ավելի զարմանալի է դառնում այն պարզ փաստով, որ Փաշինյանը ավանսով համարյա ներողություն է խնդրում այդ հրապարակային ցուցադրության համար։ Նա հայտարարում է, որ այն կկատարվի «խաղաղությունն ընդգծելով և խաղաղության համատեքստում»։
Եթե վերլուծենք այս խոսքերը, դրանք ավելի պարզ են դառնում։ Փաշինյանը, ըստ էության, Ալիևից և Էրդողանից թույլտվություն է հայցում զորահանդես անելու համար։ Նա ասում է, թե այս սպառազինությունը, այս զենքերը «չեն ուղղված ձեզանից պաշտպանվելու համար, ձեզ նեղացնելու համար, ինձ ուղղակի «վիզ» պետք է ընտրվի»։
Այսինքն՝ նույնիսկ զորահանդեսի գաղափարը ներկայացվում է որպես նախընտրական քայլ, որի իրականացումը պայմանավորված է Ադրբեջանի և Թուրքիայի «անհանգստության» կամ «նեղացման» կանխարգելումով։
Այս ամենը, իհարկե, հակադրվում է այն պատմական պահին, երբ զորահանդեսը պետության, պետականության և իր ուժի ցուցադրության խորհրդանիշ էր։ Այժմ այն դարձել է նախընտրական քարոզչության միջոց, որի իրականացումը պահանջում է «խաղաղության» և «խաղաղության համատեքստի» ապացույց։