ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ուղարկված գրավոր հարցման պատասխանի համաձայն՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում 1003 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից։
Այսպիսով, նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնավարման առաջին ամիսներին 1003 ընտանիք դուրս է մղվել ընտանեկան նպաստ ստանալու իրավունքից։
ՀՀ կառավարության 2019 թվականի հունվարի 24-ի N 50-Ն որոշմամբ՝ 2025 թվականին ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 28.00-ը։
Ըստ այդ պատասխանի՝ 2025 թվականի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում և ՀՀ մարզերում սոցիալական նպաստ ստացող ընտանիքների ընդհանուր թիվն ավելացել է ընդամենը 17-ով։
Հիշեցնենք, որ ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից։
Սոցիալական նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված՝ մինչև 18 տարեկան անդամ չունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված սոցիալական նպաստի իրավունք տվող սահմանային միավորից։