Արդյոք իրար հակասում Փաշինյանի հոդվածն ու Իգոր Պոպովի հարցազրույցում նշված պնդումները. ԱԳ նախարարի մեկնաբանությունը

Ես ծանոթացել եմ պարոն Պոպովի հարցազրույցին եւ պետք է նշեմ, որ ինչպես բոլորդ գիտեք, Հայաստանը ժամանակին իր համաձայնությունն էր տվել Կազանի փաստաթղթին, քանի որ այն պարունակում էր հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների ամբողջական փաթեթը: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նեց ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին, որտեղ նա նշել էր, որ ԼՂ խնդրի կարգավորումը Ռուսաստանը երբեք չի դիտարկել որպես Ադրբեջանին 7 շրջանների վերադարձի հարց՝ անտեսելով  կարգավիճակի խնդիրը:

«Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթի մերժումից հետո էլ բանակցությունները շարունակվել են հիմնարար սկզբունքների հիման վրա: Ասեմ ավելին, նույնիսկ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից տրվել էր համաձայնություն շարունակել բանակցությունները հիմնարար սկզբունքների  շուրջ:

Ես միանշանակ համամիտ եմ պարոն Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարեւորագույն սկզբունքը եւ կավելացնեմ՝ եղել է եւ մնում է այդպիսին: Ուզում եմ ասել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման  փաստաթուղթ չէ, դա հրադադարի, զինանդադարի, պատերազմի ավարտման մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը: Սակայն հակամարտությունը  չի կարող համարվել կարգավորված, քանի որ այն չի իրականացրել բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես ինքնորոշման, կարգավիճակի հարցը:

Այդ կապակցությամբ ուզում եմ ընդգծել համանախագահների կողմից դեկտեմբերի 3-ին ընդունված հայտարարությունը, որում կարեւորվում է հիւմնարար սկզբունքների հիման վբրա համապարփակ կարգավորումը»,-ընդգծեց նախարարը:

Հարցին, թե արդյոք չեն հակասում Նիկոլ Փաշինյանի հոդվածն ու Իգոր Պոպովի հարցազրույցում նշված պնդումները, Արա Այվազյանը պատասխանեց. «Ես չեմ մեկնաբանում վարչապետի ասածը եւ ուրիշ մեկնաբանությունները, որոնք շատ անգամ հանված են կոնտեքստից: Ես ուղղակի շեշտում եմ, որ կարգավորման սկզբունքների հիմնարար տարրերից մեկը եղել է ինքնորոշման սկզբունքը: Վարչապետն ասել այն, ինչ ասել է եւ Պոպովը մեկնաբանել է: Խնդրում եմ ուշադիր կարդացեք, թե ինչ է գրել վարչապետը եւ ինչ է ասել Պոպովը: Մեզ համար եկեք ֆիքսենք, որ կարգավիճակի հարցեը եղել, կա եւ  մնում է կարգավորման հիմնական կարեւորագույն տարրը»:

Նա հավելեց, որ հատուկ անդրադարձավ Կազանի փաստաթղթին, որովհետեւ դա եղել է կրգավորման վերջին փաթեթային, ամբողջական առաջարկը. «Դրանից հետո եղել են տարբեր առաջարկներ տարբեր պարամետրերի շուրջ»:

Աղբյուրը՝https://news.am/