ՌԴ ԱԳՆ-ին անհանգստացրել է Արցախի կարգավիճակի հարցը․ ինչ է կատարվում

ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել է Մինսկի խմբում ռուս համանախագահ Իգոր Պոպովի պատասխանը Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 4-ին հրապարակված «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածին։ Խնդրո առարկան Արցախի կարգավիճակի հարցն է, Իգոր Պոպովը հերքում է Փաշինյանի այն պնդումը, ըստ որի՝ ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները չեն առնչվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին եւ հանգել են Ադրբեջանին 7 շրջան վերադարձնելու թեմային։

Իգոր Պոպովը նշում է․ «Ռուսական առաջարկների ներքո, հնարավոր է, նկատի է առնվում փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին խմբագրումը կողմերին փոխանցվել է 2019 թվականի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Այդ պլանի հիմքում, որը հիմնականում համընկնում է կազանյան փաստաթղթին, ընկած են ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները, որոնց թվում են առաջին փուլում Ադրբեջանին 5 շրջանների վերադարձը, իսկ երկրորդում՝ երկուսը, ընդ որում, հատուկ ընդգծեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հետ կապակցված։ Առաջին փուլի՝ Երեւանի շահերն արտացոլող տարրերի թվում են Լեռնային Ղարաբաղի իրավունքի ճանաչումը, որը կապահովի այնտեղի բնակչության լիարժեք կենսագործունեության կազմակերպումը, ԵԱՀԿ նիստերին ԼՂ ներկայացուցիչների մասնակցությունը, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի՝ ուժի չկիրառման պարտավորության ստանձնումը և այլն։ Այդ պատճառով, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է «հենց այնպես» վերադարձնել 7 շրջան, մոռանալ կարգավիճակի մասին ու հանգստանալ, չի համապատասխանում իրականությանը։

․․․ Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները, թեեւ լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում, բայց գլխավորը՝ բանակցությունները կանոնավոր տեղի էին ունենում: Ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»։

Ով է ճիշտ, ով սխալ՝ հայտնի կարող է դառնալ բոլոր այն փաստաթղթերի հրապարակումից, որոնք առնչվել են կարգավորման այն առաջարկներին, այդ թվում ռուսական, որոնց մասին խոսում է Նիկոլ Փաշինյանն իր հոդվածում։

Միեւնույն ժամանակ, հարկ է անդրադառնալ մի շարք հանգամանքների։ Եռակողմ հայտարարությունը, որը վերաբերում է Հայաստանի միակողմանի զիջումներին, չի ենթադրում կարգավիճակի հարցը։ Եռակողմ հայտարարությունը Լավրովյան պլանն է, եւ Պոպովի խոսքից հարց է առաջանում՝ Լավրովի պլան չկա՞։

Կարգավիճակի հարցը հատկապես սրվել է եռակողմ հայտարարությունից հետո։ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ հատկապես Ֆրանսիան Ռուսաստանի առաջ մի շարք հարցեր են դրել, այդ թվում կարգավիճակի հարցը։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատները ճանաչել են Արցախի անկախությունը։ Այս երկրները Ռուսաստանին ակնարկել են, որ եթե կարգավիճակի հարցը չորոշվի Մինսկի խմբում, իրենք կարող են խթանել միջազգային ճանաչման գործընթաց։

Մոսկվան կտրուկ չի մերժում կարգավիճակի հարցի քննարկումը Մինսկի խմբում, միաժամանակ սակայն հայտարարում է, որ դա բարդ խնդիր է եւ գուցե կքննարկվի հետագայում, երբ կողմերը պատրաստ լինեն դրան։

Բացի խնդրի քաղաքական կողմից, Ռուսաստանը խնդրի առաջ է կանգնած նաեւ այլ տեսանկյունից։ Բանն այն է, որ այդ թվում Ռուսաստանում տարածված տեսակետ է, որ Մոսկվան հանձնել է իր դաշնակից Հայաստանին, նրան պարտադրելով կապիտուլյանտական համաձայնագրեր։ Բացի այդ, կարգավիճակի հարցով Ռուսաստանն աննպաստ իրավիճակում է հայտնվում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ արեւմտյան այլ երկրների համեմատ, որոնց կառավարություններն ու խորհրդարանները բարձրացրել են Արցախի դեմ պատերազմական հանցագործությունները դատապարտելու եւ Արցախի կարգավիճակի հարցերը։

Ըստ էության, հենց այս հանգամանքներով է բացատրվում ռուսական պետական եւ կիսապետական հարթակներում չդադարող հակահայկական քարոզչությունը, որը ստեղծել է պատերազմի, դրա ընթացքի վերաբերյալ համապատասխան «լեգենդ» եւ նպատակ ունի պատասխանատվությունը բարդել բացառապես Նիկոլ Փաշինյանի վրա։ Ընդ որում, ռուսական պետական հարթակներում բացառվում է համանման վերաբերմունքը Ադրբեջանին, ինչը բավական խոսուն է։

Հնարավոր է՝ Իգոր Պոպովի պատասխանը եւս այս շարքից է։ Օրինակ, նա ասում է, որ «բանակցությունները կանոնավոր տեղի էին ունենում ընդհուպ մինչեւ 2018 թվականը, երբ Երեւանը առաջ քաշեց նոր մոտեցումներ»։ Այս թեզի շարունակությունն այն է, որ պատերազմի պատճառը հենց այս մոտեցումներն են, եւ այս թեզն ակտիվորեն շրջանառվում է նաեւ հայկական զլմ-ներում։ Այս պարագայում արժե հիշել 2019 թ․ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի ասուլիսը Երեւանում, որտեղ նա համաձայնություն էր հայտնել հենց «Երեւանի նոր մոտեցումներին»։

Մի բան սակայն դրական է այս ամենի մեջ՝ հրապարակային, պաշտոնական մակարդակում սկսել է խոսվել Արցախի կարգավիճակի մասին։ Իսկ այդպիսի հարցեր շատ կան հայ-ռուսական տիրույթում, մասնավորապես՝ 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրի հարցը, որի «շարունակությունն» են 2020-21-ի իրադարձությունները։

Աղբյուրը՝https://www.lragir.am/