2018 թ․ Սոչիում Պուտինը Նիկոլ Փաշինյանին մի շարք հարցեր է տվել, դրանցից հետևություններ անելու փոխարեն՝ Փաշինյանը անհասկանալի հարաբերություններ է վարել ՌԴ–ի հետ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Հատկապես արցախյան երրորդ պատերազմի ընթացքում խոսվում էր, որ հայ–ռուսական հարաբերություններն աննախադեպ ցածր մակարդակում են և սրա հիմքերը դրվել են 2018 թ․ Պուտին–Փաշինյան առաջին հանդիպման ժամանակ։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Մանուկ Սուքիասյանը։

«2018-ին, երբ Փաշինյանը մեկնեց Սոչի, այնտեղ հանդիպեց հայ համայնքի հետ և ոգևորված հանրահավաք արեց, բարձրագոչ հայտարարություններ արեց, թե բոլորդ վերադառնալու եք Հայաստան։ Իմ վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արձագանքել է Փաշինյանի այս հայտարարություններին և հարցադրումներ է արել, թե արդյոք դու (Նիկոլ Փաշինյանը – խմբ․ Tert.am) կարողանալու ես բոլորի աշխատանքն ու սոցիալական կարիքները Հայաստանում ապահովել։ Հիշեցրել է նաև, որ Փաշինյանը դեմ է եղել ԵԱՏՄ–ին և ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամակցությանը, հարցրել է՝ արդյոք կկարողանաք առանց ՀԱՊԿ–ի ապահովել ձեր անվտանգությունը և տնտեսական շրջանառությունն առանց ԵԱՏՄ–ի։ Պուտինն ասել է՝ եթե այդ կարծիքին եք, կարող եք հենց այս պահին դուրս գալ և՛ ԵԱՏՄ–ից, և՛ ՀԱՊԿ–ից»,–նշեց Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ այս հանդիպումից հետևություններ անելու փոխարեն, Փաշինյանը հետագայում շարունակել է անհասկանալի հարաբերությունները ՌԴ–ի հետ։ 

«Մենք պետք է այս ընթացքում ուսումնասիրեինք մեր բարեկամ, ինչպես նաև թշնամի երկրներին։ 2018 թ․ նոր իշխանությունները կասեցրել են Ադրբեջանի ուսումնասիրումը։ Պատճառն իմանալու համար պետք է դիմել իշխանություններին, սակայն սա անընդունելի է, պետք էր այս մասին բարձրաձայնել»,-ասաց նա։

Մանուկ Սուքիասյանը նաև տարակուսանք հայտնեց, թե ինչու մինչև օրս Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել հարցաքննության՝ կապված 5 մլրդ դոլար կաշառք ստանալու՝ Սուրբ աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի բացահայտման վերաբերյալ․

«Այդ առաջարկի փաստը չի հերքվել։ Գուցե Փաշինյանը վերցրել է այդ գումարը, դրա համար էր Հայաստանն ու Արցախը տանում այդ ուղով։ Ինչո՞ւ էր կասեցրել հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու գործընթացն ու դրա փոխարեն գնել առանց հրթիռի ՍՈՒ-30–ներ։ Եթե այսօր այս հարցերին Նիկոլ Փաշինյանը չպատասխանի, վաղը ՀՔԾ պետն է ստիպված լինելու դա անել հարցաքննության ժամանակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը՝https://www.tert.am/