Հայաստանի կառավարությունը, «եկեղեցու բարենորոգում» անվան տակ, փորձում է ճնշում գործադրել Վեհափառի ընտրության գործընթացի վրա, և, ինչպես հաղորդվում է, նպատակ ունեն Հայ առաքելական եկեղեցու գույքին «տիրանալ»։ Այս նպատակին ծառայում է Ազգային ժողով բերված նոր օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու հովանու տակ գտնվող սեփականությանը։
Նախագիծը, որի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը, նպատակ ունի փոփոխություններ կատարել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում։ Ըստ Թագուհի Ղազարյանի՝ նախագծի համաձայն, հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած 3-րդ անձի՝ հատուցմամբ կամ անհայտույց օտարել՝ բացառապես ՀՀ կառավարության համաձայնությամբ։ Կառավարությունը կարող է կա՛մ տալ համաձայնություն, կա՛մ ոչ, եթե տեսնում է ռիսկ, որ տվյալ գույքը կարող է օգտագործվել ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային նշանակությամբ։
Պատգամավորի խոսքով՝ այս նախագիծը հիմնականում կապ ունի Հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ հենց այն է տիրապետում ամենամեծ թվով պատմամշակութային հուշարձաններին։ Ըստ Ղազարյանի՝ եկեղեցու տիրապետման տակ կա ավելի քան 360 հուշարձան, որոնց մեջ են նաև այն եկեղեցիները, որոնք չունեն հուշարձանի կարգավիճակ։ Նա նաև նշել է, որ 2010 թվականից հետո կառուցված եկեղեցիների ցանկը հնարավոր է վերանայվի և նրանց կարգավիճակ տրվի։
Նախագծի ստեղծման հիմքում կարծես թե պատգամավորների համար մեծ դեր է ունեցել Մասյացոտնի թեմի առաջնորդը։ Ղազարյանը նշել է, որ, թեև նախադեպեր չի կարող անմիջապես նշել, սակայն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ասել է դրա մասին, սակայն ոչ փաստարկված։
Պատգամավորը հիշեց նաև Սուրբ գեղարդի մասին և մեջբերեց Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքերը՝ որպես այս նախագծի ստեղծման հիմքերից մեկը։
Իշխանությունը, ըստ հրապարակման, փորձում է նաև արդեն ամրացված կապեր կտրել։ Հայր Ասողիկը Գեղարդից ինչ-որ մասնիկ ռուս ուղղափառ եկեղեցուն նվիրվելու մասին ասել էր՝ հիշեցնելով, որ քրիստոնեական եկեղեցիները դարեր շարունակ իրար մասունքներ են նվիրել։ Այս գործի շրջանակներում Տեր Ասողիկը հարցաքննվել էր։
ՔՊ–ականներին վրդովվեցրել էր տեր Ասողիկի այն հայտարարությունը, որ Սուրբ գեղարդի մասունքն ընծայելը բացառապես եկեղեցու իրավունքն է, և որևէ մեկն այդտեղ ասելիք, անելիք չունի. եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց և եկեղեցին գիտի՝ ինչ է նվիրում։ Փաստացի իշխանությունն ուզում է սա ևս իր ձեռքի տակ առնել և ունենալ լիիրավ տիրապետում ոչ միայն անձերի, այլև առարկաների նկատմամբ։