Օրերս Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև ստորագրված փաստաթուղթը, որը հաճախ անվանում են «ճանապարհի մասին» համաձայնություն, իմ համար ո՛չ հարց է առաջացրել, ո՛չ էլ պատասխան տվել։ Այն փաստաթուղթը, որը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը, որոնց շրջանակի մեջ ամերիկյան կողմը ստանձնել է իր վերահսկողության փաթեթը։
Իրականում, ճանապարհի հարցը միջազգային կոնսենսուս ունի։ Այն պետք է բացվի։ Ամբողջ «կռիվը» միշտ ընթացել է վերահսկողության համար։ Քաղաքական դաշտում «կռիվը» ոչ թե ճանապարհ լինել-չլինելու մասին էր, այլ ով կստանձնի վերահսկողությունը։ Ռուսական, իրանական, թուրքական, եվրոպական և ամերիկյան կողմերը բոլորը փորձում էին վերահսկողության խնդիրն իրենց վերցնել։
Փաստաթուղթում նույնիսկ նշված է, որ այն իրավական հետևանքներ չի ներկայացնում։ Կա վերահսկողության գաղափարի վերաբերյալ կոնկրետությունից զերծ մոտեցում։ Ամերիկան իր «թաթը» դրել է այն իմաստով, որ, օրինակ՝ ձեզ 26 տոկոս կտամ, կարող է՝ վաղն էլ 20 տոկոս տամ, և այդպես շարունակ։ Սա նման է Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ Գրենլանդիայի մասով։
Ես նկատում եմ, որ իշխանությունները փորձում են խուսափել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումից, բայց վերջում իրենք էլ են նույն բառը կրկնելու։ Նրանք նաև խուսափում են արտաբերելուց «Արցախ» բառը և սկսում են օգտագործել ադրբեջանական անվանումներ Հայաստանում գտնվող բնակավայրերի համար։
Այս իրավիճակում հնարավորության պատուհանը միշտ կա, բայց ամեն ինչ կախված է Հայաստանի ներքին քաղաքականությունից։ Եթե ունենաս ազգային միասնություն, հայրենիքն էլ կարելի է վերականգնել։ Սակայն այսօրվա դրությամբ մեր գործողների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Նրանք փորձում են վերահսկողություն հաստատել երկրի ներսում, ուժեղացնել ռեպրեսիաները և վերացնել ազգային թեմաները, քանի որ նրանց միակ շահը իշխանությունը պահելն է։