ՔՊ-ում մեկնարկել է մարզային կառույցների արագացված վերակազմակերպումը

Իմ լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ ՔՊ-ում արդեն մեկնարկել է ներքին ակտիվ շարժը։ ՔՊ նախընտրական ցուցակի շուրջ ներքին քվեարկությունից հետո իշխանական թիմը անցել է հաջորդ փուլին՝ մարզային կառույցների շտապ և կոշտ վերակազմակերպմանը։

Երեկ կայացած ՔՊ վարչության նիստում քննարկվել են տարբեր մարզերում ՔՊ խորհրդի ղեկավարների թեկնածությունները։ Առաջիկա օրերին նախ կնշանակվեն բոլոր մարզերում կուսակցական կառույցների խորհուրդների նախագահները, ինչից հետո կմեկնարկի ՔՊ շտաբների ակտիվ փուլը։

Հատկանշական է, որ վարչություն է հրավիրվել Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայնքի ՔՊ խորհրդի ղեկավարի թեկնածու Վլադիմիր Վարդևանյանը։ Հենց նրան է վստահվել Բյուրեղավանի ՔՊ խորհրդի կառավարումը, ինչը վկայում է, որ իշխանությունը փորձում է տեղերում խաղալ «վստահելի կադրերի» դեմքերով։

Նիկոլ Փաշինյանն իր թիմին հստակ ուղերձ է փոխանցել․ մարզերում խորհուրդները պետք է ղեկավարեն այն մարդիկ, որոնք ոչ միայն կուսակցական են, այլ նաև տվյալ մարզում ունեն հեղինակություն և վերահսկելի ռեսուրս։ Նպատակը մեկն է՝ առաջիկա ընտրություններում խուսափել տապալումից։

Այս պահին ՔՊ-ում ընթանում է մարզային կառույցների արագացված վերակազմակերպում, ինչը փաստում է, որ իշխանությունը ընտրություններին պատրաստվում է ոչ թե վերջին պահին, այլ՝ վախի և վերահսկման տրամաբանությամբ։