Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում անմիջապես հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող և կառուցվելու ծրագրված «Թրամփի ուղի» (TRIPP) տրանսպորտային միջանցքի աշխատանքները կարող են ժամանակավորապես հետաձգվել։
Այս հայտարարությունը հակասում է վերջին շաբաթներին կառավարության կողմից տարածվող այն հաղորդագրություններին, որոնցում պնդվում էր, որ Հայաստանի անվտանգության հարցը լուծված է 99 տարով՝ ի շնորհք ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն ամերիկյան ընկերությունը 99 տարով վարձակալել է 41 կիլոմետրանոց տարածք։
Փաշինյանը բացատրեց, որ ԱՄՆ-ի կառավարության առաջնահերթությունները այս պահին փոխվել են՝ Իրանի շուրջ ընթացող իրադարձությունների պատճառով։ Նա նշեց, որ ԱՄՆ-ի ուշադրությունը կենտրոնացած է այլ խնդիրների վրա, ինչը կարող է ազդել նաև «Թրամփի ուղի» ծրագրի իրականացման ժամկետների վրա։
«Տեսնում եք, ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց վարչապետը՝ ակնարկելով, որ այս իրադարձությունները կարող են ազդել նաև խաղաղության հարցում։
Այս հայտարարությունը հակադրվում է նաև այն ռազմավարական հռչակումների հետ, որոնք վերջերս հնչել են կառավարության կողմից՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման և տարածաշրջանում նոր հնարավորությունների ստեղծման մասին։