Վերջին շրջանակում սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման առարկա են դարձել իշխանական շրջանակների կողմից կիրառվող խորհրդանշական ժեստերը։ Խոսքը հատկապես այն հայտնի «սրտիկի» մասին է, որը իշխանության ներկայացուցիչները ցույց են տալիս հանրային հանդիպումների ժամանակ՝ փորձելով դարձնել իրենց նախընտրական խորհրդանիշ։
Օգտատերերի մի հատված ուշադրություն է հրավիրում, որ այդ ժեստը որոշ դեպքերում հիշեցնում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի տարբերանշանը։ Այս մեկնաբանությունների հիմքում ընկած է ոչ միայն արտաքին նմանությունը, այլև իշխանության ընդհանուր քաղաքական ընկալումը։
Եթե նման ժեստ արվեր սովորական պայմաններում, այն, հավանաբար, ընդհանրապես ուշադրություն չէր գրավեր։ Սակայն ներկայիս իշխանության գործողությունների և հայտարարությունների համատեքստում նույնիսկ նման մանրուքները սկսում են դիտարկվել այլ լույսի ներքո։
Վերջին տարիներին հանրային դիսկուրսում հաճախ են հնչում մեղադրանքներ, որ իշխանության մի շարք քայլեր կամ հայտարարություններ չափազանց սինխրոն են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։ Այս ֆոնին էլ սոցցանցերի օգտատերերի մի մասն սկսել է ավելի քննադատական հայացքով դիտարկել նույնիսկ այն ժեստերը, որոնք իշխանության ներկայացուցիչները ներկայացնում են որպես պարզ և անմեղ խորհրդանիշներ։
Շատ օգտատերեր նշում են, որ եթե որոշ դեպքերում նման համընկնումները կարող են նույնիսկ պատահական լինել, խնդիրն արդեն ձևավորված քաղաքական ընկալումն է։ Ըստ նրանց, հասարակության զգալի մասի համար իշխանության կերպարը աստիճանաբար ստացել է չափազանց պրոթուրքական բնույթ, և հենց այդ պատճառով էլ ցանկացած նմանատիպ դետալ՝ լինի խոսք, քայլ կամ նույնիսկ ժեստ, անմիջապես ընկալվում է այդ համատեքստում։
Այս համատեքստում սոցցանցերում հաճախ հիշեցնում են նաև մեկ այլ հանգամանք. խոսքը ՔՊ կուսակցության խորհրդանիշի մասին է։ Կուսակցության լոգոն արտաքին նմանություն ունի թուրքական կուսակցության լոգոյի հետ և կարծես վերցված է հենց այնտեղից։ Թեև իշխանության ներկայացուցիչները նման համեմատություններին չեն արձագանքում, սակայն յուրաքանչյուր պրոթուրքական քայլից հետո այդ թեման պարբերաբար վերադառնում է հանրային քննարկումների դաշտ։