Ցանկացած իշխող ուժ ձգտում է հնարավորինս երկար պահել իշխանությունը։ Կամ առնվազն աշխատում է այն հնարավորինս սահուն և անցումային փոխանցել մեկ այլ ուժի, որը դրա հանդեպ շատ վատ չտրամադրված է։ Կայացած ժողովրդավարության երկրներում այդ հարցերը, սովորաբար, կարգավորվում են տասնամյակներով, իսկ առանձին դեպքերում՝ հարյուրամյակներով ամրապնդված մեխանիզմների միջոցով։ Հետխորհրդային երկրներում, սակայն, պատկերը բավականին տարբեր է։
Իշխանությունից չհեռանալու ցանկություն դրսևորողներն ունենում են իշխանության գալու և այն պահելու տարբեր մոտիվացիաներ։ Դասական ընկալմամբ՝ այս կամ այն ուժը ձգտում է իշխանության, որպեսզի իրականացնի իր նախանշած, հանրությանը հայտարարված ծրագրերը, նպատակները։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության դեպքում գլխավոր մոտիվացիայի հետ կապված վիճակը և՛ դա է, և՛… ոչ այնքան։
Այո, 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն եկան իշխանության, որպեսզի իրականացնեն որոշակի ծրագրեր։ Սակայն ոչ այն, ինչի մասին խոսում էին։ Նրանք հանրությանը ներկայացնում էին միանգամայն այլ ծրագրեր ու նախանշում էին այլ նպատակներ։ Օրինակ՝ խոսում էին սիրո և համերաշխության մասին, խոսում էին հայության զանգվածային ներգաղթի, աղքատության նվազման, կոռուպցիայի վերացման, աշխատատեղերի բացման, երկիրը օտարերկրյա, հատկապես Սփյուռքի գործարար շրջանակների խոշոր ներդրումներով հեղեղելու մասին։
Ավելին, այն ժամանակ, ու դա տեսագրված, արձանագրված, ամրագրված անհերքելի փաստ է, երբ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ ասում էին, թե նա եկել է իշխանության, որպեսզի հանձնի Արցախը։ Ինքը՝ Փաշինյանը, հրապարակով մեկ բղավում էր, թե՝ «չար լեզուներն» իր հասցեին զազրախոսում են, իրեն՝ ազնվագո՜ւյն ու բացառապես ճշմարտախո՜ս, հայրենասիրության մարմնավորում Նիկոլ Փաշինյանին վատաբանում են։ Մինչդեռ ինքը Արցախի հարցով անգամ դեռ չի էլ բանակցել։
Կյանքն ու հետագա ողբերգական իրադարձությունների ընթացքը ցույց տվեցին, որ «չար լեզուները» իրավացի էին (ցավոք), իսկ Փաշինյանը՝ սխալ։
Այո, Փաշինյանի ու նրա ՔՊ-ի հիմնական «առաքելությունը» (եթե կուզեք՝ հակա-առաքելությունը) եղավ Արցախը թշնամուն հանձնելը, Արցախը վտանգի պահին մենակ թողնելը, Արցախն ուրանալը և այն պաշտոնապես ադրբեջանական ճանաչելը։ Բազմահազարամյա հայկական բնօրրանը Նիկոլ Փաշինյանը հանձնեց, ուրացավ, ճանաչեց թշնամապատկան։
Բայց մեր այս անդրադարձի հարցը հանրության ու նաև որոշ ինքնասիրահարված գործիչների հիշողության թարմացումը չէ։ Բուն հարցն այն է, որ Փաշինյանը և ՔՊ-ն իշխանության են եկել այլ խոստումներով ու հրապարակային նախանշումներով, սակայն իրականացրել են դրա հակառակը, ավելին՝ հակառակից էլ վատ։
Սիրո և համերաշխության փոխարեն իրականացրել են ատելության և ներքին թշնամանքի սերմանում, աղքատությունը չի նվազել, կոռուպցիան ողջ-առողջ է, միլիարդավոր դոլարների ներդրումներ չեղան ու չեն սպասվում։ Իսկ անվտանգային ավերածությունների ու կորուստների մասին նշեցինք։
Մի խոսքով, 2018-ին եղավ ընտրություն, ընտրվեցին ու բերեցին պատերազմ, աղետաբեր պատերազմ, հազարավոր զոհեր տված պատերազմ։ Սակայն, արի ու տես, որ այդ աղետաբեր իշխանությունը 2021-ի հունիսին վերընտրվեց։ Էլի՝ ճոխ խոստումներ, այս անգամ նաև՝ չափելի։ Փաշինյանը խոստանում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, Մինսկի խմբի շրջանակներում գործընթացի բանակցային շարունակում, ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության պահպանում ու խորացում։ Ու էլի՝ աղքատության վերացում, աշխատատեղեր, թոշակների շոշափելի բարձրացում։
Այդ խոստումները դղրդյունով տապալվել են։ Ու դրա մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ հիմնավորել կոնկրետ փաստերով, կառավարության ծրագրի և բուն իրականության անհամապատասխանությունները մատնանշելով։
Հիմնականները. Արցախի ինքնորոշման իրավունքը ոչ միայն չիրացվեց, այլ, կրկնենք, հենց Փաշինյանն անձամբ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեց ադրբեջանական։ Դրա հետևանքով իրականացվեց Արցախի բռնի հայաթափումը։ Հայաստանի Հանրապետությունը ևս ունեցավ տարածքային կորուստներ, հայտնվեց արտաքին ադրբեջանաթուրքական ներխուժման ռեալ նոր վտանգների առաջ։ Ռուսաստանի հետ հարաբերությունները Փաշինյանը փչացրել է՝ որքան հնարավոր է։ Երկրի տնտեսությունը դեֆորմացված է, հանցավորությունն ու թմրամոլությունն աճել են։