ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ԱԺ ընտրությունների ժամանակացույցը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային Ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը։

Ըստ հաստատված ժամանակացույցի՝ կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել ընտրություններին մասնակցելու համար՝ օգտահաշիվ ստանալու նպատակով։ Այս գործընթացը կսկսվի փետրվարի 9-ին և կավարտվի ապրիլի 23-ին։

Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները և դաշինքները Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնեն ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00-ն։

Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը, նույնպես ժամը 18:00-ն։ Այս ընթացակարգի ավարտից հետո ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին հերթական համարները վիճակահանությամբ կտրամադրվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։

Ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուները պետք է իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնեն ԿԸՀ-ին մինչև մայիսի 13-ը։ Նույն պարտավորությունն ունեն նաև կուսակցությունները և դաշինքներում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը ներկայացնելու համար։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը կսկսվի մայիսի 8-ին և կավարտվի հունիսի 5-ին։