Իրավապահ համակարգում ընթանում են քննարկումներ, որոնց հիմքում ընկած է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի լիազորությունների կասեցման հնարավորությունը։
Ինչպես հայտնի դարձավ, ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձերբակալվել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանը, նրա որդին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ծառայողական լիազորությունները չարաշահելու, խարդախություն կատարելու, դրան օժանդակելու և պաշտոնական կեղծիք կատարելու հանցագործություններով։
Ձերբակալությունից հետո նրանց ազատ են արձակել։ Ըստ իմ տեղեկացված աղբյուրների՝ նախաքննության ընթացքում պրոռեկտորը և քրեական գործով մեղադրյալներից մյուսները պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով պետական բյուջե են վճարել մոտ 5 միլիոն դրամ։
Այս պահին իրավապահ մարմինների ուշադրությունը կենտրոնացած է այն հարցի վրա, թե արդյոք Մարիա Իսպիրյանի պաշտոնական լիազորությունները կկասեցվեն։