Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան և հասարակության անտեսված հարցերը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նախ հայտնի դարձավ ոչ թե հայկական պաշտոնական աղբյուրներից, այլ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներից։ Այնուհետև հայկական կողմը հաստատեց այցի փաստը, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ Աղվերանում կայացել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական՝ 13-րդ նիստը։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի ապրիլի 29-ին Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ։ Կողմերը քննարկել են սահմանազատման աշխատանքների կազմակերպչական և տեխնիկական հարցեր, համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի, սահմանազատման քարտեզի պատրաստման, ինչպես նաև սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրապարակման կարգերի նախագծերը։

Բացի այդ, պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Գրիգորյանն ու Մուստաֆաևը առանձնազրույց են ունեցել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» շուրջ։ Կողմերը, գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ, նաև քննարկել են առևտրատնտեսական համագործակցության, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումների, ինչպես նաև տարանցիկ բեռնափոխադրումների հետ կապված հարցեր։

Սակայն հենց այստեղ է սկսվում հարցը, որի պատասխանները բացակայում են պաշտոնական հաղորդագրություններում։ Ո՞ւմ հետ, ի՞նչ ձևաչափով, ի՞նչ օրակարգով և ի՞նչ պայմանավորվածությունների շրջանակում են Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել հայ գործարարների հետ։

Հայաստանի հանրությունը չգիտի՝ ովքեր են մասնակցել այդ հանդիպմանը, ինչ ոլորտներ են քննարկվել, արդյոք խոսքը միայն տնտեսական հնարավոր կապերի մասին է եղել, թե նաև տարանցիկ ուղիների, ենթակառուցվածքների, լոգիստիկայի կամ այլ զգայուն հարցերի։ Չկան մանրամասներ նաև այն մասին, թե արդյոք քննարկվել են Հայաստանի համար կենսական նշանակության թեմաները՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիան, հայ գերիների վերադարձը, անհետ կորածների ճակատագիրը, Արցախի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը, ինչպես նաև Բաքվից պարբերաբար հնչող ագրեսիվ հայտարարությունները։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Ադրբեջանի պաշտոնական և կիսապաշտոնական շրջանակները շարունակում են Հայաստանի տարածքի տարբեր հատվածներ ներկայացնել որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Այս ֆոնին ադրբեջանական բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան, առանց բավարար հրապարակային պարզաբանման, բնականաբար առաջացնում է լուրջ հարցեր։

Առավել խնդրահարույց է այն, որ Հայաստանի իշխանությունները, խաղաղության գործընթացի անվան տակ, հանրությանը չեն ներկայացնում բանակցությունների ամբողջական քաղաքական համատեքստը։ Եթե խոսքը սահմանազատման հանձնաժողովի տեխնիկական աշխատանքի մասին է, ապա հասարակությունը պետք է իմանա՝ ինչ սկզբունքներով է այն իրականացվում, ինչ քարտեզներ են կիրառվում, ինչ փուլում են աշխատանքները և արդյոք դրանք չեն առաջացնում նոր անվտանգային ռիսկեր սահմանամերձ բնակավայրերի համար։

Խաղաղությունը չի կարող կառուցվել փակ դռների հետևում՝ առանց հասարակության վստահության։ Պետական մակարդակով թափանցիկությունը հատկապես կարևոր է այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է նախկինում պատերազմած և շուրջ երեք տասնամյակ թշնամական հարաբերություններ ունեցած երկրի պաշտոնյաների այցին։ Հանրությունը իրավունք ունի իմանալու՝ ինչ օրակարգով են նրանք եկել Հայաստան, ում հետ են հանդիպել, ինչ հարցեր են քննարկվել և արդյոք այդ քննարկումներում Հայաստանի պետական, անվտանգային և հումանիտար շահերը պատշաճ կերպով ներկայացվել են։