Իրավապաշտպանությունը պետք է պահի ճնշում իրավապահ համակարգի վրա՝ իշխանափոխությունից հետո հիմքեր ստեղծելու համար

Իրավապաշտպան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նորից դիմել է ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով վարույթ սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ՝ «Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման» հիմքով։ Այս քայլը կատարվում է այն բանից հետո, երբ հանձնաժողովը մերժել էր նախորդ դիմումը։

Այս հարցումների ֆոնին հաճախ լսվում է կարծիք, թե խնդիրը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ այն, որ իրավապաշտպանությունը պետք է պահի ճնշում իրավապահ համակարգի վրա՝ իշխանափոխությունից հետո հիմքեր ստեղծելու համար։ Այս տեսակետը հիմնավորվում է այն փաստով, որ համակարգը ոչ միայն չի կանխարգելում, այլև, ըստ էության, խրախուսում է ապօրինությունները։

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ նոր դիմումը ներկայացվել է այն բանից հետո, որ նախորդ անգամ հանձնաժողովը մերժել էր վարույթ սկսել՝ հիմնվելով փաստաբանի ներկայացրած փաստարկների վրա։ Նրա խոսքով՝ «ՀայաՔվե»-ն մանրամասն ուսումնասիրել է հանձնաժողովի մերժման պատճառները և դրանք համարում է անհիմն։

«Մեր դիմումը պարզապես պահանջում է վարույթ սկսել, կողմերին հրավիրել, լսել նրանց և հետո եզրակացություն անել։ Իրավապահ մարմինը պետք է աշխատի այսպես, ոչ թե առանց վարույթի եզրակացություն կայացնի, որ կողմերից մեկը սխալ է»,- ասում է Ավետիք Չալաբյանը։

Նա նաև շեշտում է, որ այս գործողությունները կատարվում են ոչ թե այն հույսով, որ ներկայիս իրավապահ համակարգը կներգրավվի, այլ ապագայի համար հիմքեր ստեղծելու նպատակով։

«Մենք ճնշում ենք պահում իրավապահ համակարգի վրա, քանի որ եթե դիմում չներկայացնես, հետո կասեն՝ դիմեիք, մեզ ոչ մեկ չի դիմել, ուստի ոչինչ չենք արել։ Երբ դիմում ես, իրենց վրա ճնշում գործադրում, հանրային հնչեղություն տալիս, նրանք ստիպված են լինում թեկուզ ձևական, բայց ինչ-որ բան անել։ Իրավապաշտպանությունը պետք է ոչ թե միայն հասարակությանը տեղեկացնի, այլև իրավական հարթությունում ճնշում գործադրի»,- պարզաբանում է նա։

Չալաբյանը նշում է, որ այս մարմինները, որոնք ստեղծվել են Նիկոլ Փաշինյանի կողմից, հակված չեն լուրջ քայլեր անելու։ Սակայն, նրա խոսքով, այս գործողությունները կարևոր են, քանի որ դրանք կստեղծեն հիմքեր՝ իշխանափոխությունից հետո այդ մարմիններին և նրանց ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու համար։

«Մեր Քրեական օրենսգրքում կա հանցագործությունը կոծկելու հոդված։ Երբ իշխանափոխություն տեղի կունենա, այն մարդիկ, որոնք կոծկել են այդ հանցագործությունները, կանչվելու են, և նրանց վրա կհարուցվի քրեական գործ։ Փաշինյանի հանցագործությունները կոծկողները Փաշինյանին հավասար պատասխանատու են»,- նշում է Ավետիք Չալաբյանը։

Նա նաև հավելում է, որ այս ամենը կարևոր է, քանի որ ժամանակի ընթացքում մարդիկ հաճախ մոռանում են իրադարձությունների մասին։ Իրավական արձանագրումները՝ հաղորդումներ, վարույթներ, մեղադրյալներ, ստորագրություններ, պահվում են համակարգում և իշխանափոխությունից հետո շատ ավելի հեշտ կլինի դրանք ակտիվացնել։

«Ամենապարզ օրինակն ասեմ. երկու տարի առաջ՝ մարտին, հաղորդում էինք տվել հանցագործության մասին՝ Կիրանցում ոստիկանական բռնությունների հետ կապված։ Երկու տարի է անցել, դրա մասին արդեն մոռացել ենք, բայց պարզվում է՝ կոնկրետ այդ հաղորդումով վարույթ է հարուցվել, կան մեղադրյալներ, տուժածներ, վարույթը գնում է առաջ։ Սա ցույց է տալիս, որ պետք է հաղորդումներ ներկայացնել, հետամուտ լինել և փորձել, ի վերջո, այս ամբողջ քաոսը բերել իրավական հարթություն»,- եզրափակում է նա։