Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության շուրջ ընթացող գործընթացը, որը փետրվարի 25-ից կասեցված էր մայիսի 25-ի դատական որոշմանը մինչև դրա կայացումը, կրկին ակտիվացել է։
Ըստ կառավարական աղբյուրների՝ առաջիկա շաբաթներին կառավարական նիստերից մեկի ընթացքում նախատեսվում է ընդունել որոշում, որով ՀԷՑ-ը, որպես մասնավոր ընկերություն, գործադիրի որոշմամբ կճանաչվի հանրային գերակա շահ։ Այս քայլից հետո վարչապետի աշխատակազմը կմշակի գնահատման հատուկ մեխանիզմ։
Գործընթացում կներգրավվի Հայաստանի ռեզիդենտ, լիցենզավորված գնահատող, բայց անկախ ընկերություն, որը կիրականացնի ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատումը։ Գնահատման արդյունքում ձևավորված շուկայական արժեքին կավելացվի ևս 15 տոկոս, և այդ վերջնական առաջարկը կներկայացվի ընկերության սեփականատիրոջը։
Ըստ գործող սցենարի՝ սեփականատերը կունենա ընտրության իրավունք՝ վաճառե՞լ է ընկերությունը կառավարությանը, թե՞ ոչ։ Սակայն, եթե սեփականատերը չի համաձայնի վաճառել, հանրային գերակա շահի հիմքով Սամվել Կարապետյանի ձեռքից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կվերցնի ՀԷՑ-ը։
Իշխանությունների նախնական պատկերացմամբ, պետությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը, որից հետո այն կփոխանցվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությանը։ Ապա ընկերության կառավարումը կշարունակվի պետական ձևաչափով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կտրամադրի նոր լիցենզիա։
Կառավարական շրջանակներում չեն ակնկալում գործընթացի արագ ավարտ։ Ըստ նախնական հաշվարկների՝ իրավական, գնահատման և կազմակերպչական փուլերը կարող են տևել առնվազն 6-8 ամիս, և նույնիսկ ամենաարագ սցենարի դեպքում հարցի ամբողջական հանգուցալուծումը դժվար թե հնարավոր լինի մինչև տարեվերջ։
ՀԷՑ-ի հնարավոր արժեքը գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար։ Կառավարությունում քննարկվում են ֆինանսավորման տարբեր տարբերակներ, այդ թվում՝ վարկային միջոցների ներգրավումը և պահուստային ֆոնդի օգտագործումը։ Իշխանական շրջանակներում համոզված են, որ ՀԷՑ-ի ձեռքբերման համար կատարված ծախսերը հետագայում կարող են վերադարձվել հենց ընկերության գործունեության արդյունքում ստացվող եկամուտների հաշվին։