Հայաստանի քաղաքական կյանքի վերջին տարիների ամենակարևոր և ամենաշատ քննարկվող հասկացություններից մեկը դարձել է այսպես կոչված «խաղաղության օրակարգը», որը գործող իշխանությունները ներկայացնում են ոչ միայն որպես արտաքին քաղաքական ռազմավարություն, այլև որպես պետական գոյության, անվտանգության և զարգացման առանցքային նախապայման։
Իշխանությունների մեկնաբանությամբ, տարածաշրջանում նոր պատերազմի վտանգը շարունակում է պահպանվել, իսկ Հայաստանի համար ամենամեծ մարտահրավերը հերթական լայնածավալ ռազմական բախումից խուսափելն է։ Այդ պատճառով էլ «խաղաղության օրակարգը» ներկայացվում է որպես կենսական անհրաժեշտություն, որպես այն սահմանագիծը, որի մի կողմում խաղաղությունն ու կայունությունն են, իսկ մյուս կողմում՝ պատերազմն՝ իր մարդկային, տարածքային, տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով։
Հասկանալի է, որ պատերազմներից, զոհերից, կորուստներից և մշտական լարվածությունից հոգնած հասարակության մի զգալի հատվածի համար նման ուղերձները ընկալելի են եղել, իսկ անվտանգության շուրջ ձևավորված հանրային վախերն ու մտահոգությունները քաղաքական պայքարում դարձել են կարևոր գործոն։ Իրականում հենց այդ վախերի և խաղաղության անհրաժեշտության գաղափարի վրա է կառուցվել վերջին շրջանի քաղաքական դիսկուրսի զգալի մասը։
Սակայն ցանկացած խաղաղության օրակարգի գնահատման ժամանակ առանցքային հարցը ոչ թե այն է, թե որքան է կողմերից մեկը ցանկանում խաղաղություն, այլ այն, թե արդյոք խաղաղության հասնելու ցանկություն ունի նաև հակառակ կողմը։ Խաղաղությունը չի կարող լինել միակողմանի գործընթաց։ Եթե կողմերից մեկը խաղաղությունը դիտարկում է որպես փոխզիջումների, կայունության և փոխադարձ հարգանքի համակարգ, իսկ մյուսը՝ որպես սեփական ռազմավարական նպատակներին հասնելու միջոց, ապա խաղաղության մասին խոսակցությունները կարող են վերածվել ուժերի անհավասար հարաբերությունների օրինականացման գործընթացի։
Հենց այստեղ է առաջանում Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկը՝ արդյո՞ք Ադրբեջանն իսկապես շարժվում է խաղաղության օրակարգով, թե՞ խաղաղության մասին խոսում է միայն որպես քաղաքական և դիվանագիտական գործիք՝ զուգահեռաբար առաջ տանելով բոլորովին այլ նպատակներ։
Վերջին տարիների զարգացումները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքվի քաղաքական հռետորաբանության և իրական գործողությունների միջև առկա է բավականին հետաքրքիր հակասություն։ Մի կողմից՝ ադրբեջանական ղեկավարությունը միջազգային հարթակներում պարբերաբար հայտարարում է խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին, խոսում է տարածաշրջանում նոր համագործակցության հնարավորություններից, տնտեսական կապերի բացման և հաղորդակցությունների զարգացման հեռանկարներից, սակայն մյուս կողմից՝ միաժամանակ շարունակվում են հայտարարություններն ու քաղաքական նախաձեռնությունները, որոնք դժվար է համատեղել դասական խաղաղության տրամաբանության հետ։
Հատկանշական է, որ «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը Բաքվում ներկայացվում է ոչ թե որպես «պատմագիտական» կամ «մշակութաբանական» նախագիծ, այլ որպես քաղաքական հայեցակարգ։ Այդ հայեցակարգի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանցիների պատմական բնակության տարածք, իսկ Հայաստանի ներկայիս գոյությունը հաճախ նկարագրվում է այնպիսի ձևակերպումներով, որոնք փաստացի հարցականի տակ են դնում հայկական պետականության պատմական լեգիտիմությունը։
Այդ պատճառով էլ Հայաստանի համար վտանգավոր է ոչ միայն կոնկրետ պահանջների առկայությունը, այլև այն գաղափարական միջավայրը, որը ստեղծվում է այդ պահանջների շուրջ։ Երբ մի կողմն անընդհատ նվազեցնում է իր քաղաքական նպատակները, իսկ մյուս կողմն ընդլայնում է իր օրակարգը, առաջանում է վտանգավոր իրավիճակ, որտեղ բանակցությունների վերջնակետը մշտապես տեղափոխվում է։ Այսինքն, ցանկացած զիջում չի դառնում վերջնական համաձայնության հիմք, այլ վերածվում է հաջորդ պահանջի մեկնարկային կետի։