«Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը հրապարակել է հայտարարություն, որում քննադատում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ ընդդիմությանը «խաղաղության վերանայման» և դրա հետևանքով «անխուսափելի պատերազմի» վտանգի վերագրումը։

Իմ կարծիքով, այս հայտարարությունը ոչ այլ բան է, քան իշխանության պահպանման նպատակով արված էժանագին մանիպուլյացիա։ Փաշինյանը հանրությանը պարտադրում է կեղծ երկընտրանք՝ «կամ գործող իշխանություն, կամ պատերազմ», որը ոչ թե անվտանգության ապահովման, այլ իշխանության վերարտադրության գործիք է։

Այսպիսով ներկայացվող «վտանգը» արդեն իսկ իրագործված սցենար է՝ գործող իշխանության պատասխանատվությամբ։ Փաշինյանի նկարագրած սցենարը հիշեցնում է ոչ թե ընդդիմության վարքագիծը, այլ հենց իշխանության նախապատերազմյան քաղաքականությունը։ 2018-2020 թվականներին բանակցային գործընթացի խզումը, Փաշինյանի առավելապաշտական հայտարարությունները և «զրոյական կետից» սկսելու մոտեցումը, նրա խոսքով, հանգեցրին այն իրավիճակի, որտեղ պատերազմը դարձավ գրեթե անխուսափելի։

Այս հռետորաբանությունն ունի արտաքին վտանգավոր հետևանքներ։ Երբ երկրի ղեկավարը ներքաղաքական ընդդիմախոսներին ներկայացնում է որպես «պատերազմ բերող ուժեր», նա փաստացի ուժեղացնում է Ադրբեջանի նարատիվը, ըստ որի՝ Հայաստանի ներսում ցանկացած իշխանափոխություն կարող է դիտարկվել որպես «ռևանշիզմ»։ Արդյունքում, ներքաղաքական գործընթացները դառնում են արտաքին շահարկման գործիք, ինչը լրջագույն հարված է հանրապետության ինքնիշխանությանը։

Գործող իշխանությունը փորձում է ներկայանալ որպես խաղաղության միակ երաշխավոր, սակայն փաստերն այլ բան են վկայում։ Միակողմանի զիջումների վրա հիմնված քաղաքականությունը չի ապահովել ո՛չ կայունություն, ո՛չ անվտանգություն։ Ավելին, նման մոտեցումը հաճախ ընկալվում է որպես խոցելիության դրսևորում, որը ոչ թե նվազեցնում, այլ մեծացնում է ճնշումների և նոր էսկալացիայի հավանականությունը։

Իմ կարծիքով, իշխանափոխությունը պետք է դիտարկել ոչ թե որպես սպառնալիք, այլ որպես հնարավորություն՝ վերանայելու սխալները, վերականգնելու արտաքին քաղաքական հավասարակշռությունը և ձևավորելու ավելի հաշվարկված ու պատասխանատու անվտանգային քաղաքականություն։ Ի վերջո, «կամ ես, կամ պատերազմ» բանաձևը ոչ թե քաղաքական դիրքորոշում է, այլ մանիպուլյատիվ գործիք։