Հայ եկեղեցին և ներկայիս իրավիճակը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր չի կարողանում գտնել ընդհանուր լեզու Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների հետ, հատկապես արտաքին քաղաքականության հարցում։ Այս անհամաձայնությունը սպառնալիք է հանդիսանում ազգային միասնականության համար, ինչը վերակենդանացնում է հասարակության մեջ առկա տարաբնույթ բաժանումները։

Թեև հակաեկեղեցական արշավի ծագումը կարելի է հետևել դեռևս 2018 թվականից, այսօրվա իրադարձությունները և հարաբերությունները չեն կարող համեմատվել 1917-1991 թվականների հակաեկեղեցական բազմակողմանի արշավների հետ։ Այդ դարաշրջանում Եկեղեցին կարողացել է հաջողությամբ համագործակցել աստվածամարտ կոմունիստների հետ՝ պահպանելով ազգային արժեքները, պայքարի ոգին և մեծ ջանքեր գործադրելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաև Արցախի ազատագրման հարցում։

Պետք է նշել, որ ներքաղաքական և ներհասարակական կյանքում միշտ առկա են եղել անարդարություններ։ Այն ժամանակներում էլ ծայրահեղություն էր, երբ որևէ մեկը համարձակվում էր հակաեկեղեցական կամ Վեհափառ Հայրապետին քննադատել՝ բախվելով պետական մարմինների կամ այլ ծայրահեղ դիրքորոշումներ ունեցող անձանց բռնաճնշումների հետ։ Այսպիսով, Եկեղեցին և Պետությունը սերտաճում էին միմյանց։

Այսօրվա իրավիճակը հարց է առաջացնում՝ ինչո՞ւ է Հայ եկեղեցուն հաջողվել լեզու գտնել աստվածամարտ կոմունիստների հետ, իսկ ներկայիս իշխանությունների հետ՝ ոչ։ Չեմ կարծում, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող է համարվել այդ անհամաձայնության պատճառը։ Իրականում, այս խնդրի ակնհայտ պատճառները շատ խորքային են և չունեն որևէ կապ կուսակրոնականության հետ, կամ որևէ մեկի կողմից կատարված արարքների կոծկելու հետ, ո՛չ էլ արտաքին ուժերի հետ կապեր ունենալու կամ այն բարձրաձայնվող մեղադրանքների հետ, որոնք ներկայացվում են ՀՀ իշխանությունների կողմից։

Ամեն ինչ կախված է կամքի ուժից։ Պետք է հրաժարվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդեպ ունեցած անհիմն ատելությունից և սկսել երկխոսություն՝ ոչ թե «հանգստի կոչելու» մասին, այլ խաղաղ ու համերաշխ ապրելու մասին։ Եթե որևէ հարց, օրինակ՝ Արցախի հարցը, համարվում է փակված, ապա այդ մասին խոսելու անհրաժեշտություն չկա, բայց միևնույն ժամանակ պետք չէ փակել մարդկանց բերանները։ Ինչպես Սուրբգրային խոսքն ասում է, եթե Եկեղեցին չխոսի Արցախի մասին, ապա քարերը պիտի աղաղակեն։ Դիվանագիտությունը նրա համար է, որպեսզի կարողանանք բացատրել մեր հարևաններին, որ մեր բլուրը ձեր բարձր սարին վնաս չէ, այնպես էլ մեր բարձր սարը ձեր կիսալուսնին վնաս չի հասցնում։ Պետք է հանդիպել և հաշտվել։ Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել։ Եկեղեցին անսասան է և անպարտելի, իզուր մի՛ փչացրեք հոգևորականներին և ամեն կիրակի մի՛ պղծեք Հայոց Սրբությունները։