ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխությունից հետո, որի արդյունքում բժշկական կազմակերպությունների տնօրենների համար բժշկական կրթությունը պարտադիր չէ, համակարգում հայտնվել է մի անսովոր իրադրություն։ Պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ ընդունվել են Ալեքսանդր Բազարչյանի կողմից ղեկավարվող ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։
Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որը միաժամանակ իրականացվում է այն անձանց կողմից, ովքեր ղեկավարում են բժշկական կենտրոններ և, որոշ դեպքերում, զբաղվում են նաև քաղաքական գործունեությամբ։
Այս իրադրությունը հարուցել է «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի բարձրաձայնումները, որոնց արձագանքել է ինստիտուտը՝ պարզաբանելով, որ կրթական գործընթացները կազմակերպվում են «ուշ ժամերին» և հանգստյան օրերին։ Սակայն այս բացատրությունը, փաստորեն, ավելի է խորացնում հարցերը, այլ ոչ թե դրանք լուծում։
Եթե ուսուցումն իսկապես առկա է, ապա առաջանում են մի քանի հիմնարար հարցեր։ Ինչպե՞ս են տնօրենները, հիվանդանոցներն ապահովելու պարտականությունները կատարելու հետ մեկտեղ, հաճախում դասերին։ Եթե դասերը անցկացվում են աշխատանքային ժամերից դուրս, ապա դասախոսներին արդյո՞ք վճարվում է արտաժամյա աշխատանքի համար, և եթե այո, ո՞ր բյուջեից է կատարվում այդ վճարումը։ Իսկ եթե տնօրենները ֆիզիկապես չեն ներկայանում կրթական հաստատություն, ապա ինչպե՞ս է ձևավորվում նրանց մասնագիտական որակավորումը։
Ալեքսանդր Բազարչյանը պետք է հստակ և մանրամասն պատասխանի այս հարցերին, ներառյալ այն մասին, թե քանի դիպլոմ է մինչ օրս շնորհվել, և ո՞ր իրական որակավորում են ստացել կրթություն ստացած անձինք։
Այս իրադրությունը պահանջում է պետական վերահսկողություն։ ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը, Պետական վերահսկողական ծառայությունն ու տեսչական մարմինները պարտավոր են պարզաբանել, թե սա իրական, իսկական առկա կրթություն է, թե՞ համակարգի ներսում դիպլոմների ձևական տրամադրման մեխանիզմ, որի նպատակն է թղթի վրա ամեն ինչ կարգին ցուցադրել։
Այս հարցումների պատասխանները կներկայացվեն առաջիկայում։