Այսօր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը անդրադարձել են մի շարք հարցերի, որոնք, նրանց համաձայն, ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն։
Նախարար Թորոսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։
Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանը մանրամասնել է ապաինստիտուցիոնալացման գործընթացը։ Նա նաև ներկայացրել է պետության քաղաքականությունը, որը նպատակ ունի պաշտպանելու կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները։ Այս համատեքստում նախարարը կարևորել է խոցելի խմբերի անկախ կյանքի ապահովմանը, նրանց կայուն զբաղվածության ապահովմանն ու ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացումը։
Հանդիպման ավարտին կողմերը ընդգծել են փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։