ՀՀ կառավարությունը չի մտադիր վերանայել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրամադրված պարգևները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հերքում է ապատեղեկատվությունը, որը հրապարակվել է Dikgazete.com կայքում։ Ըստ այդ կեղծ տեղեկատվության՝ կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմին մասնակցած անձանց տրամադրված պարգևները։

Այս պնդումը ամբողջությամբ կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ։ Տեղեկատվության տարածման ոճը և աղբյուրները վկայում են դրա թիրախավորված բնույթի մասին։ Այն կառուցված է հստակ թիրախավորման տրամաբանությամբ՝ ուղղված հանրության կոնկրետ խմբերին։ Պատերազմի մասնակիցների կարգավիճակը հանրության համար բարձր զգայունություն ունեցող թեմա է, և նման բովանդակության ընտրությունը միտված է պետական ինստիտուտների նկատմամբ անվստահության ձևավորմանը։

Տեղեկատվության տարածման շղթան ցույց է տալիս դրա համակարգված բնույթը։ Այն սկզբնապես հրապարակվել է անհայտ հարթակում, ապա արագ վերարտադրվել է թուրքական և ադրբեջանական մի քանի լրատվամիջոցների կողմից, ակտիվորեն տարածվել է «X» հարթակում՝ կասկածելի օգտահաշիվների միջոցով, ինչպես նաև շրջանառվել ռուսական ծագման տելեգրամյան ալիքներով։

Այս ապատեղեկատվությունը լայնորեն տիրաժավորվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում ընդդիմադիր որոշ շրջանակների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից։ Սա, ըստ իմ կարծիքի, ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված տեղեկատվական սպառնալիքները կարող են համընկնել և լրացուցիչ ուժեղացվել երկրի ներսում գործող որոշ քաղաքական դերակատարների կողմից։

Վերոնշյալը կրում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) հստակ հատկանիշներ։ Ես կոչ եմ արել զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և չնպաստել ապատեղեկատվության վերարտադրմանը։