Այս օրերին ոչ միայն Քննչական կոմիտեն, դատախազությունն ու ԱԱԾ-ն, այլև Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) աշխատում են ծայրահեղ ինտենսիվ ռեժիմով՝ 24/7։ ՊԵԿ-ի որոշ վարչություններում աշխատակիցները մոտ մեկ ամիս է՝ արտաժամյա են մնում և աշխատում են մինչև ուշ գիշեր։
Այս ինտենսիվ աշխատանքի թիրախը ԲՀԿ-ի առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են։ ՊԵԿ-ին վերևից հանձնարարվել է ամեն գնով հայտնաբերել խախտումներ, և կոմիտեն, իրեն վստահված մասը կատարելով, կատարում է քաղաքական հետապնդում։
Աշխատակիցները իրականացնում են լայնածավալ ստուգումներ, ուսումնասիրում են հարյուրավոր փաստաթղթեր՝ փորձելով գտնել որևէ խախտում։ Ի դեպ, հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու օրենքով հնարավորություն չկա։ Նման դեպքերում օրենքը պարտադրում է վճարել չվճարված հարկերը՝ առանց ազատությունից զրկելու։
Այդ պատճառով, թերևս, փորձում են Ծառուկյանին մեղադրել այլ հանցագործություններով, օրինակ՝ խարդախությամբ։ Սակայն իրավաբանները, ծանոթանալով Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրությանը, դժվարությամբ են հասկանում, թե ի՞նչ հենքով է նրան մեղադրվում։