Իմ տեղեկացմամբ՝ 2026 թվականի մարտի 29-ին Նիկոլ Փաշինյանի՝ թիմակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցի կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու նպատակով ՊՊԾ համակարգում սկսվել է ծառայողական քննություն։
Այդ օրը, երբ վարչապետը թիկնազորի ուղեկցությամբ մտել էր Ս. Աննա եկեղեցի՝ Ծաղկազարդի պատարագի ժամանակ, անվտանգության աշխատակիցները փորձել են սահմանափակել հավատացյալների տեղաշարժը՝ պահանջելով հետ քաշվել։ Սա դժգոհություն էր առաջացրել մի խումբ երիտասարդների շրջանում, ինչի արդյունքում առաջացել էր հրմշտոց անվտանգության ծառայողների և քաղաքացիների միջև։
Դեպքից հետո եկեղեցու բակում ձերբակալվել էին երեք երիտասարդներ՝ 18-ամյա եղբայրներ Դավիթ Մինասյան և Միքայել Մինասյան, ինչպես նաև Գևորգ Գևորգյանը։ Վերջինս հայտարարել էր, որ իրեն բերման են ենթարկել վարչապետի «աչքերի մեջ նայելու» համար։
Հետագայում հրապարակվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում երիտասարդին հենց եկեղեցու տարածքում։ Այս տեսանյութը կասկածի տակ է դնում այն վարկածը, թե երիտասարդը հարձակման մտադրություն է ունեցել։
Այս իրադարձությունների հետևանքով հասարակական քննարկումների կենտրոնում է հայտնվել նաև անվտանգության աշխատակիցներից մեկը՝ Արտյուշ անունով ծառայողը, որի գործողությունները դարձել են քննության առարկա։ Իմ աղբյուրների համաձայն՝ քննության ընթացքում որոշում է կայացվել, որ տվյալ աշխատակիցը ժամանակավորապես ներկա չի գտնվի հանրային միջոցառումներին՝ հաշվի առնելով միջադեպի շուրջ ձևավորված հանրային արձագանքը։