Հայաստանի էներգետիկ համակարգի խոցելիությունը և գնային անկայունությունը

Հայաստանի էներգետիկ շուկայում վերջին շրջանակում տեղի ունեցած զարգացումները, հատկապես հեղուկ գազի գների կտրուկ և անկանխատեսելի տատանումները, բացահայտում են համակարգային խնդիրներ, որոնք տարիներ շարունակ մնացել են երկրորդ պլանում՝ փոխարինվելով իրավիճակային լուծումներով և քաղաքական հայտարարություններով։ Թեև Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարբերաբար խոսում են էներգետիկ մատակարարումների դիվերսիֆիկացիայի, նոր ուղիների և հնարավորությունների մասին, իրականում շուկայի արձագանքը յուրաքանչյուր արտաքին կամ ներքին ցնցման նկատմամբ ցույց է տալիս, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը շարունակում է մնալ խոցելի, իսկ այդ խոցելիության գինը վճարում է առաջին հերթին հասարակ սպառողը։

Ադրբեջանից ներմուծվող բենզինի թեման վերջին շրջանում առաջ բերեց տեղեկատվական և քաղաքական մեծ աղմուկ՝ ներկայացվելով որպես դիվերսիֆիկացիայի օրինակ և շուկայի մրցակցության ընդլայնման քայլ։ Սակայն այդ աժիոտաժի ֆոնին գրեթե աննկատ մնացին ավելի խորքային խնդիրները, որոնք վերաբերում են ոչ թե մեկ մատակարարի կամ մեկ ուղղության փոփոխությանը, այլ ամբողջ էներգետիկ համակարգի դիմադրողականությանը։

Հեղուկ գազի շուկայում արձանագրված զարգացումներն այդ ամենի ամենախոսուն օրինակներից են։ Երբ գինը շատ կարճ ժամանակահատվածում 170-200 դրամից որոշ լցակայաններում հասնում է 270-300 դրամի մեկ լիտրի համար, դա այլևս հնարավոր չէ բացատրել միայն շուկայական բնական տատանումներով կամ արտաքին գործոններով։ Սա արդեն առնվազն համակարգային ձախողման դրսևորում է, որտեղ շուկան չունի բավարար անվտանգության բարձիկներ, իսկ պետությունը չունի գործուն մեխանիզմներ գների կտրուկ ցնցումները մեղմելու համար։

Թեպետ կան փորձագետներ, որոնց կարծիքով, այստեղ խոսքը միայն ձախողման մասին չէ՝ այն ասպեկտով, որ Հայաստանում հեղուկ գազ ներկրող-վաճառողները կարող են իրականացրած լինել համաձայնեցված գնի բարձրացում, որը օրական իրենց ապահովում է ավելի քան 500 միլիոն դրամ հավելյալ եկամուտ։

Սա դասական իրավիճակ է, երբ սահմանափակ մատակարարումների կամ դրանց մասին շրջանառվող տեղեկությունների պայմաններում շուկան արագ անցնում է դեֆիցիտի հոգեբանական ռեժիմի, ինչն անմիջապես օգտագործվում է գների բարձրացման և որոշ տնտեսվարողների (կամ, ինչպես փորձագետներն են նշում, գուցե բոլորի) կողմից իրավիճակից օգտվելու նպատակով։

Որպես հիմնական պատճառաբանություն նշվում է Վերին Լարսի անցակետի փակումն ու եղանակային խոչընդոտները, որոնք իբր երկարացնում են ներմուծման ժամկետները 10-ից մինչև 20 օր։ Բացի այդ, մատնանշվում են Իրանից ներմուծվող գազի հետ կապված խնդիրները, որոնք կազմում են մոտ 15–20 տոկոս և պայմանավորված են այդ երկրում առկա ճգնաժամային իրավիճակով։ Բայց նախ՝ գները բարձրացել են Լարսի անցակետի փակման հենց հաջորդ օրը, այսինքն՝ թանկացել է պահուստավորված, առկա գազը, ինչն ինքնին կասկածելի է։

Մյուս կողմից՝ հենց այդ կարգի պատճառաբանությունների կրկնվող բնույթն է, որ վկայում է ոչ թե օբյեկտիվ անխուսափելիության, այլ կառավարման և ռազմավարական պլանավորման բացակայության, ինչպես նաև տնտեսվարողների կողմից գնի բարձրացման հնարավոր համաձայնեցվածության մասին։ Ի վերջո, Վերին Լարսն առաջին անգամ չէ, որ փակվում է, Իրանի հետ կապված ռիսկերը նույնպես երկար տարիներ հայտնի են, իսկ նավթի գների տատանումները գլոբալ շուկայի մշտական բաղադրիչ են։ Եթե յուրաքանչյուր նման գործոն կարող է կարճ ժամանակում շուկան գցել խուճապի և գնային պայթյունի մեջ, ապա դա նշանակում է, որ համակարգը կառուցված չէ ռիսկերի դիմակայման տրամաբանությամբ։

Վերադառնալով տնտեսվարողների պահվածքին՝ նշենք, որ նման իրավիճակում առավել մտահոգիչ է այն, որ էներգակիրներ ներմուծող տնտեսվարողները, օգտվելով վերահսկողության և հակակշիռների թուլությունից, հաճախ այդպիսի հանգամանքները վերածում են շահույթի առավելագույնացման գործիքի։ Գների կտրուկ բարձրացումը, արհեստական պակասուրդի տպավորության ստեղծումը և տեղեկատվական անորոշությունը դառնում են շուկայի վարքագծի սովորական տարրեր։ Արդյունքում տուժում է ոչ միայն վերջնական սպառողը, այլև տնտեսության ամբողջական կանխատեսելիությունը, քանի որ հեղուկ գազը Հայաստանում լայնորեն օգտագործվում է ոչ միայն տրանսպորտում, այլև փոքր բիզնեսում, ծառայությունների ոլորտում և որոշ դեպքերում նաև արտադրական գործընթացներում։ Այստեղ է, որ պետության դերակատարումը պետք է դուրս գա իրավիճակային արձագանքների շրջանակից և անցնի երկարաժ