Քարոզարշավը վերածվել է անձնական հաշվեհարդարի

Իմ վերլուծությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրական քարոզարշավը վերջին տարիներին հայկական քաղաքական դաշտում դիտարկվող ամենահետաքրքիր և միևնույն ժամանակ ամենահուզիչ դրվագներից է։ Այն այլևս չի հիշեցնում քաղաքական ծրագրերի, գաղափարների և պատասխանատվության ներկայացում։ Փոխարենը՝ այն վերածվել է ընդդիմախոսներին և ընդդիմադիր էլեկտորատին վիրավորելու, վարկաբեկելու և սպառնալու գործընթացի։

Հանրային հարթակներում և քաղաքացիների հետ շփումներում ձևավորվում է մի խայտառակ պատկեր․ իշխանության ղեկավարը, փոխանակ խոսել երկրի խնդիրների, ծրագրերի և պատասխանատվության մասին, հաճախ ափերից դուրս է գալիս, անձնավորում քաղաքական պայքարը և այն տեղափոխում վիրավորական բառապաշարի դաշտ։ Տպավորությունն այնպիսին է, որ ՔՊ քարոզչության ամբողջ հրապարակային ծանրությունը Նիկոլ Փաշինյանն անձամբ է վերցրել իր վրա։

Իրականում, մինչդեռ շտաբներում ակտիվ գործում են ընտրական նախկին գործընթացներից հայտնի «տասովշիկները», իսկ քաղաքական թիմի զգալի մասը հիմնականում ապահովում է զանգվածային ներկայություն՝ գլխաքանակ, իշխանական թիմի ներկայացուցիչները՝ Ալեն Սիմոնյանը, Տիգրան Ավինյանը, Անահիտ Ավանեսյանը և մյուսները, վարչապետի վերջին միջադեպերի ժամանակ լուռ հետևում են, թե ինչպես է երկրի ղեկավարն ընտրողների հետ շփման ժամանակ անցնում բոլոր սահմանները։ Նրանք հռճվում են՝ չգիտակցելով, որ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող քարոզարշավը վերածել անձնական հաշվեհարդարի։

Մեկ այլ դրվագում Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցույց է տալիս Արթուր Օսիկյանի գրառումը, ինչից հետո վարչապետն առավել է նյարդայնանում և հնչեցնում նոր, ավելի կոշտ ու անթույլատրելի ձևակերպումներ։ Օսիկյանն այս պահին ձերբակալված է, և փորձում են կալանավորել նրան։

Այս ամբողջ պատկերը մի կարևոր բան է ցույց տալիս․ ՔՊ թիմի ներսում, կարծես, չկա մեկը, ով նյարդայնացած պահին կարող է մոտենալ Փաշինյանին և ասել․ «Պարոն Փաշինյան, սա գեղեցիկ չէ, սա էթիկայից դուրս է, սա վարչապետին հարիր պահվածք չէ, մի՛ արեք»։ ՔՊ-ականները անգամ հետո չեն քննարկում այդ վարքը, փոխարենը՝ թիմը կամ լռում է, կամ էլ իր ներկայությամբ նախ պրովոկացնում, ապա՝ լեգիտիմացնում այդ վարքագիծը։

Փաշինյանը, չնայած անսահման ռեսուրսներին, իրապես միայնակ է իր ուսերին վերցրել քարոզչությունը․ մյուսները պարզապես ֆոն են ստեղծում՝ գլխաքանակ ապահովելով։