Գագիկ Ծառուկյանի բիզնեսների խուզարկությունները կաթվածահար են մատնում հազարավոր աշխատակիցների

Նախօրեին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանն ու բիզնեսներում տեղի ունեցած խուզարկություններից հետո, կապարակնքվել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի շենքը, «Արարատցեմենտ» գործարանը, Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատը, կոմբինատի հարեւանությամբ գտնվող ադմինիստրատիվ շենքը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը եւ «Փարավոն» ռեստորանային համալիրը։ Գործարարին պատկանող Ծաղկաձորի հյուրանոցներն ու գործարանները նույնպես դադարել են աշխատել, ինչի հետեւանքով հյուրանոցի հյուրերին ստիպված են եղել դուրս հրավիրել։

Այս գործողությունների հետեւանքով կաթվածահար է եղել շուրջ տասը հազար քաղաքացու աշխատանքը, որոնք, ինչպես նշվում է, մտավախություն ունեն, որ գործազուրկ են դառնում։ Տնտեսություններն ահռելի վնասներ են կրել, հատկապես՝ «Արարատցեմենտ» գործարանը, կոնյակի կոմբինատը եւ հյուրանոցները։ Գործարանում պահվող սպիրտի մեծ պաշարները պահանջում են անվտանգության աշխատակիցների շուրջօրյա հսկողություն, իսկ հյուրատներում չեն հասցրել լողավազաններն ու ջրի բաքերը դատարկել։ «Արարատցեմենտի» հոսքուղիներում նույնիսկ վթար է տեղի է ունեցել։

«Արարատցեմենտ» գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանը նշել է, որ իրավապահները վաղ առավոտյան, 7-7.30-ի միջակայքում, գրոհել են գործարանի վրա՝ «անգամ անվտանգության աշխատակիցներին վախեցնելով ուժ գործադրելով եւ սպառնալով ձերբակալել բոլորին»։ Քննչական կոմիտեի աշխատակիցները թույլ չեն տվել աշխատանքի եկած մարդկանց մուտքը գործարան, եւ առանց ժամանակ տալու դուրս են հանել հոսքագծերի վրա աշխատողներին։

Պողոսյանի խոսքով, այդ պահին աշխատող հոսքագծերն անտեր են մնացել, ինչը հանգեցրել է հսկայական քանակությամբ հումքի այրման եւ հոսքագծերի խափանման։ Նա նաեւ հավելել է, որ, թեեւ խնդրել են մասնագետներին գոնե մտնեն ներս՝ անջատելով մեխանիզմը, իրավապահ մարմնի աշխատակիցները թույլ են տվել դա միայն ժամեր անց, երբ արդեն խափանումներ էին եղել։ Գործարանի մուտքն ու ադմինիստրատիվ մասնաշենքը կապարակնքված են, եւ աշխատանքը կաթվածահար է մնացել «անորոշ ժամկետով»՝ ազդելով մոտ 1000 աշխատակցի վրա։ Գործարանը նույնիսկ գնորդներին չի կարողացել ճանապարհել։

Տնօրենը նշել է, որ իրավապահները գրոհից առաջ ներկայացրել են դատարանի որոշում, որում նշված էր աշխատասենյակներում խուզարկություն արգելելու մասին։ Չնայած դրան եւ իրենց մատնանշմանը, որ դատարանը նման որոշում է կայացրել, իրավապահ մարմնի աշխատակիցները չեն ենթարկվել դատարանի որոշմանը եւ խուզարկել են ողջ տարածքը։

Այս իրադարձությունները տեղի են ունենում այն ֆոնին, երբ դեռեւս նախընտրական քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անոնսել էր ԲՀԿ ղեկավարի բիզնեսի «ողնաշարը»՝ «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մտադրությունը։ Գագիկ Ծառուկյանն այդ հայտարարությանը պատասխանել էր, որ եթե իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը։ Այս հայտարարությունից անմիջապես հետո դատախազությունը հայտնել էր, որ գործարանի մասնավորեցման գործընթացում խախտումներ են հայտնաբերել։