«Լելո — Ուժեղ Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը հրապարակել է պահանջ՝ Անակլիայի խորջրյա նավահանգիստը վերանվանելու համար։ Ըստ կուսակցության՝ այն պետք է կրի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը։
Այս մասին հայտարարել է «Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն։ Նրա խոսքով՝ նավահանգիստը, որի բաժնետոմսերի 49%-ը պետք է ստանա չին-սինգապուրյան կոնսորցիումը, պետք է վերածվի դեպի արևմտյան աշխարհ ուղղվող «Թրամփի ուղու» (TRIPP) դարպասի։ Նա նշել է, որ նման քայլը կբերի Վրաստանին անվտանգություն, արևմտյան ներդրումներ և տնտեսական բարգավաճում։
Իրակլի Կուպրաձեն նաև նշել է, որ «Թրամփի երթուղին» (TRIPP) տրանսպորտային միջանցքը, որը Ադրբեջանը կապում է Հայաստանի (Սյունիքի մարզ) տարածքով Նախիջևանի հետ, համաձայնեցվել է 2025 թվականի օգոստոսին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Այս երթուղին, որի համաձայնագիրը ստորագրվել է ԱՄՆ միջնորդությամբ, Կովկասում ստեղծել է «կարևորագույն միջազգային տարանցիկ երթուղի»։
«Այս երթուղին չպետք է շրջանցի Վրաստանը, իսկ դրա իրականացումը հնարավոր է միայն Անակլիայի նավահանգստի կառուցման միջոցով, ինչը կդառնա «Թրամփի ուղու» տրամաբանական շարունակությունը»,- պնդել է Կուպրաձեն։
Կուսակցության ներկայացուցիչները կարծում են, որ Անակլիայի նավահանգիստը «մասշտաբային նախաձեռնություն է, որը լիովին համապատասխանում է ԱՄՆ-ի և նախագահ Թրամփի վարչակազմի հայտարարած ռազմավարական առաջնահերթություններին»։ Ուստի, նրանց կարծիքով, պետք է իրականացվի այն, այլ ոչ թե ստեղծվի նմանակում։