ՀՀ ԿԸՀ-ն պարտավոր է տալ քաղաքական ուժերին ժամանակ թերությունները շտկելու համար

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2024-2025 թթ. գործունեության մասին հաղորդման ներկայացման ընթացքում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը մանրամասնեց քաղաքական ուժերի գրանցման գործընթացի կարգավորման առանձնահատկությունները։

Ըստ նրա՝ Հայաստանի ընտրական օրենսգիրքը նախատեսում է այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են գրանցման գործընթացի բարձր աստիճանի թափանցիկություն և ազատականություն։ Օրենսդրական նորմը հստակ սահմանում է, որ քաղաքական ուժը, որպեսզի չգրանցվի, ինքն է պետք գործադրի ջանքեր։

Վահագն Հովակիմյանը նշեց, որ եթե քաղաքական ուժը ներկայացնում է փաստաթղթեր, որոնք նույնիսկ թերի են, ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տալ այդ ուժին 48 ժամ՝ թերությունները շտկելու համար։ Նա ընդգծեց, որ օրենքը չի թույլ տալիս փաստաթղթերը մերժելու պատճառ դարձնել թերությունները կամ սխալները։ Ըստ նրա՝ ԿԸՀ-ն պարտավոր է ընդունել ներկայացված փաստաթղթերը։ Եթե փաստաթղթերի ներկայացումից հետո պարզվում է, որ կան թերություններ, հանձնաժողովը պարտավոր է տալ ժամանակ, որպեսզի դրանք վերացվեն։

Վահագն Հովակիմյանը նաև նշեց, որ միակ պարագայում, երբ քաղաքական ուժը չի կարող գրանցվել, այն դեպքն է, երբ այն հրաժարվում է օրենքով սահմանված պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց կամ արդեն ներկայացված սխալ փաստաթղթերը ուղղելուց։ Այս գործընթացը տեղի է ունենում նիստի ընթացքում, որը թափանցիկ է, և քաղաքական ուժը պետք է հրապարակայնորեն հրաժարվի այդ գործողություններից։ Այսպիսով, ԿԸՀ-ն չի կարող ինքնուրույն որոշել, թե ում գրանցել և ում՝ ոչ։