Քննչական կոմիտեն պատրաստվում է հարցաքննել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի ականատեսներին։

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ պատրաստվում է հարցաքննել Սուրբ Աննայի եկեղեցում տեղի ունեցած միջադեպի ականատեսներին։ Պլանավորված է հարցաքննել Ծաղկազարդի պատարագի օրը եկեղեցում ներկա գտնված մոտ 5 տասնյակ քաղաքացիներին։

Ինչպես հայտնի դարձավ, միջադեպը տեղի ունեցավ Ծաղկազարդի պատարագի ընթացքում։ Ըստ տեղեկությունների՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շքախմբով մտել էր եկեղեցի։ Այդ պահին մի քանի ներկաներ դժգոհություն են արտահայտել։ Դավիթ Մինասյանը, նայելով վարչապետին, ասել է «տենց չնայես» և փորձել հարվածել։

Հետագայում, մոտ մեկ ժամ անց, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրները, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 18-ամյա Դավիթ Մինասյանը կալանավորվեց 2 ամսով։