Որոշ քաղաքական ուժեր, որոնք հաճախ անվանում են ՔՊ-ի «սատելիտներ», հայտարարում են, թե առաջիկա ԱԺ ընտրություններում պետք է տեղի ունենա «ընդդիմափոխություն»։ Նրանց խոսքը պարզ է՝ նրանք ցանկանում են, որ այսօրվա ընդդիմության դերը փոխվի իրենց հետ, իսկ իշխանությունը՝ ՔՊ-ի հետ։
Սակայն նրանց տրամաբանության մեջ կա մի տարօրինակ անհամաձայնություն։ Քանի որ աշխարհում ցանկացած քաղաքական ուժ ընտրություններին մտնում է այն նպատակով, որպեսզի հասնի իշխանափոխության՝ իշխանություն ձևավորելու համար։ Իսկ ՔՊ-ի «սատելիտները» իրենցից ավելի շատ ցանկանում են… դառնալ ընդդիմություն։
Սա էլ իր հերթին հետաքրքրական է։ Եթե փաշինյանական իշխանությանը ինչ-որ հրաշքով կամ ընտրակեղծիքներով հաջողվի վերարտադրվել, ապա այդ «սատելիտները» չեն դառնա ընդդիմադիր։ Քանի որ նրանք, փաստորեն, «էն գլխից» նիկոլական են։ Իսկ եթե նրանք ցանկանում են ընդդիմություն լինել, ապա նշանակում է, որ իրենք ընդունում են, որ այսօրվա ընդդիմությունը ունի իշխանություն ձևավորելու հնարավորություն, իսկ իրենք՝ ավելի մեծ հրաշքով, կանցնեն խորհրդարան և կդառնան ՔՊ-ի հետ ընդդիմադիր փոքրամասնություն։
Եթե առաջնորդվենք այդ տրամաբանությամբ, ապա ամենից շատ «ընդդիմափոխություն անելու» ցանկություն ունեն այսօրվա հիմնական ընդդիմադիր ուժերը։ Նրանք ձգտում են ստանալ քվեների համախառն մեծամասնություն և ձևավորել իշխանություն։ Այդ դեպքում ենթադրելի է, որ այսօրվա իշխանություն ՔՊ-ն կդառնա ընդդիմություն։ Իսկ վերոնշյալ «սատելիտները» կմնան արտախորհրդարանական ընդդիմության կարգավիճակում։
Այսպիսով, նրանք, «ընդդիմափոխություն» ասելով, նկատի ունեն հենց այն, որ այսօրվա ընդդիմությունը կդառնա իշխանություն, իսկ իշխանությունը՝ հակառակը։ Փաստորեն, այդ «սատելիտները» իրենց ներսում արդեն իսկ ընդունել են, որ ՔՊ-ն պարտվել է։ Ու այդ տեսանկյունից, գիտեք, նրանք գուցե և իրավացի են։